Առնվազն 44 մարդ է զոհվել, 67-ը` վիրավորվել Իրաքի հարավում գտնվող Նասիրիյա քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի հետևանքով։ Հիվանդանոցում բուժվում էին COVID-19-ով վարակված մարդիկ։
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ դեռևս չհայտնաբերված պացիենտներ կան։
Նախնական վարկածով պայթել է թթվածնի բալոնը։ Միջադեպը տեղի է ունեցել անցած երկուշաբթի։ Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին ավագ նախարարների արտակարգ նիստ է հրավիրել։ Նա կարգադրել է պաշտոնանկ անել ու ձերբակալել քաղաքի առողջապահական ոլորտի ու քաղաքացիական անվտանգության համար պատասխանատու պաշտոնյաներին։
Անցած ապրիլին կրկին թթվածնի բալոնի հետևանքով Բաղդադի կորոնավիրուսի հիվանդանոցում 82 մարդ էր զոհվել, 110-ը` վիրավորվել։
Պատերազմի և պատժամիջոցների հետևանքով Իրաքի առողջապահական քայքայված համակարգը փորձում է հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը, որն արդեն 17 հազար 500 մարդու կյանք է խլել, վարակվածների թիվն անցել է մեկ միլիոն 400 հազարը։