Մատչելիության հղումներ

Էրդողանը սադրանք է որակել պարը Ստամբուլի հայկական եկեղեցու պատին

Թուրքիա - Տեսարան Ստամբուլից, արխիվ
Թուրքիա - Տեսարան Ստամբուլից, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սադրանք է անվանել Ստամբուլի թաղամասերից մեկի հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու պատին պարեր կազմակերպած տղամարդկանց հետ կապված միջադեպը։

«Կրոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է եկեղեցու մոտ, գնահատում եմ որպես մեր միասնության դեմ ուղղված սադրանք», - ասել է էրդողանը հեռուստաուղերձում, որ տեղադրված է նրա Թվիթերում։

Երկուշաբթի գիշերը մի խումբ երիտասարդներ պարել են հայկական եկեղեցու պատին, իսկ փողոցում հավաքված մարդիկ ողջունել են այդ պարը։

Թուրք երիտասարդների՝ խաչի ֆոնին պարի տեսանյութը տեղադրվել է սոցցանցերում և արագ տարածվել, առաջացրել հայ և հույն համայնքների վրդովմունքը։

Երեկ Ստամբուլի վարչակազմը հայտնել է միջադեպի մասնակիցների ձերբակալության մասին, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

«Այդ ակտին մասնակցած երեք քաղաքացիներ ձերբակալվել են։ Մենք դատապարտում ենք այս նողկալի պահվածքը, որ դրսևորվել է սուրբ վայրերի նկատմամբ», - ասված է Ստամբուլի վարչակազմի հաղորդագրությունում։

Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դատապարտել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը։ Նա հետևյալ գրառումն է արել Թվիթերում․ - «Դատապարտում եմ նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսևորել Քադըքյոյում գտնվող մեր եկեղեցու նկատմամբ, և նրանց, ովքեր դա թույլ են տվել»։

Փայլանը պահանջել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա գտնված և անգործության մատնված ոստիկանների դեմ․ համացանցում երեկ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ միջադեպի ժամանակ դեպքի վայրում են եղել ոստիկաններ, ովքեր որևէ ձևով չեն միջամտել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG