Մատչելիության հղումներ

Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիա»-ն համերգային ծրագրով կներկայացվի Երևանում


Աշխարհահռչակ ամերիկացի գրող Դեն Բրաունը, որը հանրահայտ «Դա Վինչիի ծածկագիրը», «Ինֆեռնո» և այլ միլիոնավոր տպաքանակ ունեցող բեսսելերների հեղինակ է, անցյալ տարի գրել է «Վայրի սիմֆոնիա» խորագրով իր առաջին մանկական գիրքը և համանուն երաժշտական ստեղծագործությունը, որոնք կներկայացվեն հայ ընթերցողին և երաժշտասերներին հուլիսի 24-ի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Զանգակ» հրատարակչության կողմից:

Այսօր մայրաքաղաքի Կենդանաբանական այգում հրավիրած ասուլիսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը շեշտեց. «Դեն Բրաունի մասին կարող եմ շատ երկար խոսել: Կարծում եմ մեր համար մեծագույն ձեռքբերում է ներկայացնել միջազգային շատ հաջողակ ծրագիր Հայաստանում: Իմ համար շատ կարևոր է, որ մենք ունենք կրթական ծրագրեր, որոնց մասին շատ ենք խոսում և բովանդակային սկզբունքը հիմա շատ կարևոր է: Եթե մենք խոսում ենք ծրագրերից, որոնք ավելի ավագ սերնդի երեխաների համար են, սա մանուկների համար շատ լավ ճանապարհ է և շատ ունիկալ հնարավորություն ճանաչել նվագախումբ, սիրել նվագախումբը, «Վայրի սիմֆոնինան», հերոսները, որոնք կան և այն ձայները ու տեխնոլոգիաները, որոնց մասին մենք շատ խոսում ենք և տարբեր ձևաչափ ենք ներկայացնում, այս պարագայում տոխնոլոգիաներն օգնում են, որ էմոցիան ավելի դոմինանտ լինի, երեխաները շատ ավելի լավ պատկերացնեն նվագախմբի արժեքն ու գիրքը ոնց կարող է հնչել»:

Գունեղ, պատկերազարդ գիրքն ընթերցելուն զուգահեռ հնարավոր է նաև բջջային հավելվածի միջոցով ունկնդրել գրքին կից Դեն Բրաունի «Վայրի սիմֆոնիան», որի յուրաքանչյուր մասը համապատասխանում է գրքում կենդանական աշխարհի բազմազանությունը ներկայացնող յուրաքանչյուր մասին:

«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանն էլ ընդգծում էր, որ իրենք արդեն իսկ հրատարակել են Դեն Բրաունի գրքերը հայերեն թարգմանությամբ և իրենց համար շատ կարևոր էր և հետաքրքիր էր նաև այս համատեղ, շուրջ մեկ տարի տևած աշխատանքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում շատ տարածված է, երբ հասուն ընթերցողների համար ստեղծագործություն գրող ստեղծագործողները նաև մի օր համարձակվում են կամ գնում են ընդառաջ և մանկական ստեղծագործություններ են գրում: Իրենց վարպետությունն օգատգործելով՝ տարբեր տեխնիկաներ, տեխնոլոգիաներ են օգտագործում ընթերցանությունը մանուկների համար ավելի գրավիչ դարձնելու համար: Այս ձևաչափի գրքեր «Զանգակը» վերջին տարիներին շատ է հրատարակել, նկատի ունեմ պատկերագրքեր, երբ նկարներն ավելի խոսուն են», - նշեց Մկրտչյանը:

Հավելենք նաև, որ անգլերենից գիրքը թարգմանել է Սերգեյ Սարգսյանը, իսկ հուլիսի 24-ին կայանալիք գրքի շնորհանդեսի ու Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի ընթացքում կհնչի նաև հեղինակի՝ Դեն Բարունի տեսաուղերձը՝ գրքի հայերեն թարգմանության և առանձին համերգային ծրագրով այն ներկայացնելու կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG