Ուկրաինայում այսօր ավարտվել են ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող Sea Breeze 2021 զորավարժությունները։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը։
«Զորավարժությունները ավարտված են,բոլոր առաջադրված խնդիրները լիարժեքորեն լուծվել են», - հայտարարել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեժիպապան։
Սև ծովի ավազանում և հարակից տարածքներում Sea Breeze 2021 զորավարժությունները մեկնարկել էին հունիսի 28-ին։ Զորախաղերին Ուկրաինայից բացի մասնակցում էին նաև Միացյալ Նահանգները,Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Նիդերլանդները, դաշինքի անդամ և գործընկեր մի շարք այլ պետություններ։
Ընդհանուր առմամբ Sea Breeze 2021 զորավարժություններում ներգրավված էր շուրջ 4 հազար զինծառայող, 40 ռազմանավ և 30 միավոր օդանավ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք։