Մատչելիության հղումներ

Հոբելյանաշատ տարում դեռ սպասվում են բազմաթիվ հանդիսություններ ու համերգներ


2021 թվականը հոբելյանաշատ տարի է, և այս առումով մեր արվեստասեր հանրությունն արդեն իսկ բազմաթիվ հոբելյանական հանդիսությունների և համերգների մասնակիցն է եղել և դեռ մինչև տարեվերջ հնարավորություն կունենա ներկա գտնվել մեր մշակույթի ու արվեստի մեծանուն մարդկանց հոբելյանական երեկոներին և այլ միջոցառումների, որոնք տեղի են ունենում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Արդեն իսկ նշվել են Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, նաև Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի հոբելյանները։ Իսկ առաջիկա օրերին հրաշալի համերգներ են սպասվում՝ նվիրված մեր լավագույն կոմպոզիտորներից Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին:

Այսօր փոխնախարար Արա Խզմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց. - «Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, անուններ, որոնք մեզ համար թանկ են ոչ միայն զուտ մշակութային, ստեղծագործական առումով, այլ թանկ են նաև քաղաքացիական առումով, հասարակական առումով։ Առիթ կունենանք շաբաթ օրը Էդվարդ Միրզոյանի մասին խոսելու, որը, գոնե իմ պատկերացմամբ, ոչ միայն մեծանուն կոմպոզիտոր է, այլև օրինակելի քաղաքացի, օրինակելի հասարակական գործիչ»։

Շաբաթ օրը՝ հուլիսի 10-ին Դիլիջանում գտնվող Կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անունը կրող ստեղծագործական տան Բեթհովենի անվան դահլիճում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի հոբելյանի։ Ինչպես այսօր շեշտում էր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնօրեն Նորայր Նազարյանը, իրենք արել են ամեն ինչ՝ հավուր պատշաճի նշելու մեծ կոմպոզիտորի հոբելյանը. - «Ինչպես գիտեք, դահլիճը բավական ծանր վիճակում է, վատ վիճակում է։ Մենք ուզում ենք էս համերգով նաև էնպես անել, որ մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ գրավի, որ Կոմպոզիտորների միության ընդհանուր այդ տարածքը, դահլիճը կարողանանք էնպես անենք, որ հավուր պատշաճի գործի։ Հայաստանի պետական կամերային նվագախումբն է հանդես գալու՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, ժամը յոթին է լինելու համերգը։ Հնչելու են կոմպոզիտորի լարային կազմի համար գրված լավագույն ստեղծագործություններից, փոքրիկ ֆիլմ է լինելու իր մասին։ Մենք ծրագրի մեջ ունենք Բաբաջանյանի հարյուրամյակի հետ կապված բոլորովին նոր նախագիծ՝ մեր շատ սիրելի Վահագն Հայրապետյանի կողմից մշակված. Առնո Բաբաջանյանի սիրված երգերը փոխադրված ջազի տարբերակով։ Վահագն Հայրապետյանի տրիոն և Հայաստանի պետական կամերային նվագախումբը միասին հանդես են գալու Սյունիքի մարզում. այս ամսի 27-ին Կապանի մշակույթի տանը և ամսի 28-ին Գորիսի թատրոնում։ Ղեկավարելու է համերգը մեր շատ սիրելի Ռոբերտ Մլքեյանը, և այնհուհետև, որպես փակում, այդ համերգը լինելու է արդեն Կամերային երաժշտության տան դիմացի բակում հուլիսի 31-ին»։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հուլիսի 15-ին Արամ Խարատրյան համերգասրահում հանդես կգա Էդվարդ Միրզոյանին նվիրվարված հոբելյանական համերգով:

Ինչպես այսօր նշում էր նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, համերգի ընթացքում հնչելու է կոմպոզիտորի երաժշտությունը սիմֆոնիկ նվագախմբի համար. - «Հիմա նոտաների թվայնացման աշխատանքներն են իրականացվում։ Պետք է նշեմ, որ նվագախումբը արդեն համերգով անդրադարձավ Առնո Բաբաջանյանի հարյուրամյակին տարվա սկզբին։ Սակայն այնքան մեծ է կոմպոզիտորի ժառանգությունը, որ դեռ բավական մեծ աշխատանք ունենք կատարելու թե' նոտաների վերականգման, թե' ամենատարբեր հարթակներում այդ ստեղծագործությունների ներկայացման գծով»։

Առնո Բաբաջանյանի անունը կրող համերգասրահի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Արտյոմ Նաղդյանն էլ ընդգծում էր, որ իրենք արդեն իսկ Բաբաջանյանին նվիրված մի շարք հոբելյանական նախաձեռնություններով են հանդես եկել դեռ այս տարեսկզբից և շարունակելու են մինչև տարեվերջ: Ներկայացնում էր նաև իրենց կազմակերպած բացօդյա համերգները Երևանի տարբեր հատվածներում, որոնցից վերջինը կկայանա այս շաբաթ օրը Թումոյի այգում:

«Ցանկություն ունենք տարվա երկրորդ կեսին անդրադառնալ նաև մաեստրոյի դասական ժանրի ստեղծագործություններին։ Արդեն ունեցել ենք համերգ Մասիս քաղաքում, Կոմիտասի քառյակը վերակազմավորվել էր մեկ համերգի համար որպես տրիո և կատարել էին մաեստրոյի հանրահայտ տրիոն։ Բնականաբար, կան պլաններ նվագախմբերի հետ համագործակցության համար, արտասահմանից սոլիստների հետ։ Մաեստրոն, լինելով հայ, միջազգային արտիստ է եղել և միջազգային կոմպոզիտոր է, դրա համար պետք է նշվի ոչ միայն Հայաստանում, այլ գոնե ամբողջ պոստսովետի տարածաշրջանում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG