Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ


Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Կառավարության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԲՀԿ-ն երկար տարիներ շատ շոշափելի դերակատարում ունի Հայաստանի քաղաքական կյանքում. «Կարծում եմ, որ կուսակցությունը շարունակում է մնալ ազդեցիկ ուժ Հայաստանի ներքաղաքական կյանքում», - ասել է նա՝ հավելելով, որ պետք է քննարկեն ինչպես անել, որ արտախորհրդարանական ընդդիմությունն, այդ թվում՝ ԲՀԿ-ն ու կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինեն միմյանց։

«Պետք է ունենալ այնպիսի հաղորդակցության ֆորմատներ, որ լավ գաղափարները հնարավորություն ունենան կյանքի կոչվելու», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Գագիկ Ծառուկյանն իր հերթին նկատել է, որ մանդատով չէ ամեն ինչ պայմանավորված. «Մենք ժողովրդի կողքին ենք, քննարկել ենք, մասնակցել ենք, տեղյակ ենք պահել մեր տեսակետը, մեր մոտեցումը, թե ինչպես կարելի է այս վիճակից դուրս գալ: Անկախ ամեն ինչից, մենք խորհրդարանում ենք, թե ոչ՝ դա չի նշանակում, որ մենք մեր ժողովրդի կողքին չենք: Ցանկացած բան, ինչ օգուտ կբերի, մեր հնարավորությունների սահմաններում միշտ էլ արել ենք, անում ենք, անելու ենք», - հավելել է գործող խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավարը:

Հայաստանի ղեկավարն այսօր քաղաքական խորհրդակցությունների շրջանակում ընդունել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանին և «Միասնական հայրենիք»-ի առաջնորդ Մհեր Տերտերյանին: Վերջինս ողջունել է ընտրություններից հետո քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու վարչապետի պաշտոնակատարի նախաձեռնությունը։ Քոքոբելյանը, ում ղեկավարած կուսակցությունը չի մասնակցել հունիսի 20-ին կայացած ընտրություններին, հանդիպմանն անդրադարձել է տնտեսական, անվտանգային համակարգին առնչվող և մի շարք այլ հարցերի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG