Մատչելիության հղումներ

Ջրային կոմիտեի նախագահը ոռոգման հարցի լուծման մշակված ծրագրով է եկել Շիրակի մարզ


Կառնուտի ջրամբարը

Ոռոգման ջրի մատակարարման խնդիրները լուծելու համար Շիրակի մարզ գործուղված Ջրային պետական կոմիտեի նախագահի այցը համընկավ այսօր տեղացած հորդառատ անձրևի հետ։

Կարեն Սարգսյանը կատակեց՝ ոտքը բարի էր. - «Եթե իմանամ հարցը դրանով կլուծվի, կարող ենք Ջրային կոմիտեն տեղափոխել Շիրակի»։

Խնդիրը այդուհանդերձ հորդ անձրևով չլուծվեց։ Պաշտոնյան ասում է՝ պլան են մշակել, բայց օպերացիան չգաղտնազերծեց. - «Այսօր երեկոյան ժամերին արդեն կսկսենք մեր կազմած պլանով ջուրը տեղափոխել, հասցնել Կառնուտի ջրամբար... Էկեք ես չհայտարարեմ [թե ինչ պլան է], բայց էն, ինչ որ մենք կազմակերպելու ենք, դա բխելու ա բոլոր ջրօգտագործողների շահերից, որպեսզի կարողանանք ջրալրում իրականացնենք Կառնուտի ջրամբարում»։

Ռռոգելի հողատարածքներ ունեցող Շիրակի մի քանի գյուղերում արդեն երկու շաբաթ է սպասում են խոստացված ջրին, որը սակայն գյուղացիներին այդպես էլ չի հասնում։ Այս ընթացքում գյուղացիները երկու անգամ ճանապարհ են փակել՝ պաշտոնյաներից պահանջելով հարցը լուծել։

Նրանք մատնացույց են անում դատարկ Կառնուտի ջրամբարն ու ասում՝ եթե ժամանակին ջուր ամբարվեր, հիմա իրենց կարտոֆիլի ու հացահատիկի բերքը փչացած չէր լինի։

Գյուղացիների պնդմամբ, Կառնուտի ջրամբարը դատարկ է, քանի որ Արփի լճի ջուրը ջրամբար մղելու փոխարեն տրվել է առավել հայտնի ԼենԳԷՍ ՀԷԿ-ին։

Ջրային պետական կոմիտեի նախագահը չհերքեց գյուղացիների պնդումները: Ասաց՝ ՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են, և ջուրը շուտով Կառնուտի ջրամբար կմղվի. - «Էնտեղ ջրի թույլտվության խնդիրներ կան ՀԷԿ-ի հետ կապված։ ՀԷԿ-ը էդ ժամանակահատվածում ունի ջրօգտագործման թույլտվություն։ Մենք էդ ժամանակ հնարավորություն չունենք ստիպելու որևէ մեկին, որպեսզի իր աշխատանքը դադարեցնի, բայց ջուրը տեղափոխենք Կառնուտի ջրամբար։ Համատեղ քննարկման արդյունքում կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել նաև ՀԷԿ-ի տնօրինության հետ, և ջրամատակարարումը դեպի իրենց կողմ դադարեցնել, ջուրը տեղափոխել Կառնուտի ջրամբար»։

Կարեն Սարգսյանն ասում է՝ ՀԷԿ-ի հարցը շահարկումներից հանելու համար շուտով առաջարկությամբ հանդես կգան. հստակ ժամկետ կսահմանվի, թե երբվանից ջուրը ՀԷԿ-ին չի տրվի, այլ Կառնուտի ջրամաբար կմղվի. - «Շուտով առաջարկով հանդես կգանք ջրի թույլտվությունը «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության վերանայել Կառնուտի ջրամբար տեղափոխելու մասով։ Եվ հասցնել մինչև գոնե ապրիլի 25-ից որպեսզի մենք կարողանանք ջրալրում իրականացնենք Կառնուտի ջրամբարում։ Չլինի այնպես, որ մենք ՀԷԿ-ի տնօրինությանը խնդրենք մեզ ջուր տան, կամ մենք գնանք մեկի դուռը, որպեսզի մեզ ջուր տան, այլ դնենք կոնկրետ օր, որ էդ օրվանից հետո մենք կարողանալու ենք պայմանական իքս քանակությամբ ջուր տեղափոխել Կառնուտի ջրամբար»։

Կառնուտի ջրամբար ջուր չհասնելու ևս մեկ պատճառ նշեց Կարեն Սարգսյանը. - «Մեր աշխատակիցները մեզ վստահեցրեցին, որ էդ ջրաքանակը, որ չի հասել Կառնուտի ջրամբար, տվել են ջրօգտագործողին։ Այսինքն՝ ունեցել են ոռոգման պահանջարկ, դրա համար ջուրը տվել են ջրօգտագործողին, ոչ թե հասցրել են Կառնուտի ջրամբար»։

Ջուրն ուշացրել են, բերքը չորացել է, պնդում են գյուղացիներն ու վնասի փոխհատուցում պահանջում։ «Մեզ էլ ոռոգման ջուրը պետք չէ, միայն փոխհատուցում», - ասում են նրանք։

Ջրային կոմիտեի նախագահի խոսքով, ջրի պահանջարկը մեծացել է, այս տարի գրեթե երկու անգամ ավելի ոռոգման ջուր է տրվել հողօգտագործողներին. - «Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում մենք մատակարարում ենք իրականացրել Կառնուտի ջրամբարից հինգ ու կես միլիոն խորանարդ մետր, էսօրվա դրությամբ այս տարի արդեն 8,6 միլիոն խորանարդ մետր ջուր ենք մենք մատակարարել։ Պետք ա ընդունենք նաև, որ եղանակային այս անբարենպաստ պայմանները բերել ա էս խնդրի առաջ ա կանգնացրել»։

Կարեն Սարգսյանը վստահ է՝ իրենց ծրագրի իրականացման դեպքում ոռոգման ջրի խնդիրը Շիրակի մարզում կլուծվի։

XS
SM
MD
LG