Մատչելիության հղումներ

«Իքս զորամաս» կամ Պատերազմի թանգարան բաց երկնքի տակ


Զենքի ջարդոնից սարքված խաչն Արցախյան ազատամարտի մասնակից Աղաբեկ Խաչատրյանը՝ Բեկը, տեղադրել է հատուկ նրանց համար, ում 44-օրյա պատերազմից ավելի քան 10 ամիս հետո դեռ սպասում են։ Պատերազմի թանգարան բաց երկնքի տակ կամ «Իքս զորամաս», որտեղ ամեն մեկը իր վշտից մի մասնիկ է թողնում։

Ուլնեցու փողոցի ամենավերջում՝ աչքից հեռու մի քարքարոտ վայրում արդեն տասնյակ տարիներ Արցախյան ազատամարտի մասնակից Բեկը առավոտից ուշ գիշեր մարտական ընկերների հետ աշխատում է. քարեր են կրում հարակից ժայռերից, պատեր շարում... Օրական, ասում է, 30-50 ծնող է գալիս՝ նոր նկարներով, զոհված երեխաների իրերով, ու...եղած պատերն այլևս չեն բավարարում. - «Նմուշներ են բերում, էրեխեքի նկարն են բերում, հայրիկներ կան, խաչքար են սարքել բերել։ Սա իրանց բալիկի տունն ա։ Ստեղ ես ոչ մի բան չունեմ։ Մենակ յոթ հազար հինգ հարյուր ախպեր ունեմ, այդ ամբողջ քարերի վրա հատիկ-հատիկ բոլորի անունները գրած ա։ Ալավերդուց, Նոյեմբերյանից, Մեղրիից, Գորիսից, Ղափանից, Սևանից, Վարդենիսից ծնողները նկարները ձեռներին ստեղ են այցելում»։

«Իքս զորամասի» գաղափարը 90-ականներից է։ Հայոց Ազգային Բանակի՝ ՀԱԲ-ի տղաները սումգայիթյան կոտորածների ժամանակ հավաքվեցին այս ժայռերի արանքում ու երդվեցին, որ ով կենդանի մնա, հետագայում այստեղ մի մոմ կվառի։ «Ցավոք սրտի, երկուսս ենք սաղ մնացել, մեկը հազարապետն ա, մեկը ես... հա, ներողություն, մեկ էլ Մարտինը։ Եվ սկսեցինք կամաց-կամաց, էս ժայռերի, կարիճների ու օձերի հետ կռիվ տալով... տասներկու տարի ա, որ սկսել ենք պատրաստել արդեն», - ասաց Բեկը։

«Էն հին անունները գրել էինք, արդեն պրծել էինք, ասում էինք լավ, էլ չի ըլնի... հետո քառօրյան էկավ, քառօրյայից հետո էկավ... անունը դրել են 44-օրյա», - ասում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հազարապետ Գագիկ Մնացականյանը։ Նա հրետանի է սարքում՝ ի հիշատակ պատերազմի հայտնի նկարի տղայի՝ հրետանավոր Ալբերտ Հովհաննսիյանի։

Բայրաքթարներից, արգելված զենքերի մասնիկներից մի մեծ արսենալ է արդեն հավաքվել այստեղ...

«Աշխարհը լռեց այս ամենը տեսնելով», - վրդովված պատմում է Բեկը, ինքն էլ հավաքել է մարտի դաշտից ու բերել, որ պատմության հետքերը չջնջվեն։ Ցույց է տալիս ԱԹՍ-ների, արգելված զինատեսակների մասնիկներ, որոնք հավաքել բերել են Արցախից։

Զոհված զինվորների անունները կրող պատերին էլ գոտիներ են, պայուսակներ, գլխարկներ տղաների անձնական պահարանից... 10 օր դիրքերում են, 20 օր՝ այստեղ. Բեկը պատմում է՝ իր գործը հիմա նաև ծնողների վիշտը կիսելն է։

«Սա միայն հուշ-թանգարան չպետք է մնա», - ասում է նա՝ որոշ գաղտնիքներ բացելով՝ բունկեր է կառուցում։ Նրան մտահոգում է այն, որ տղաներն անպատրաստ են գնում բանակ. - «Բունկեր ենք սարքում։ Դպրոցների հետ պայմանավորվել եմ, տասնմեկ-տասներկուերորդ դասարանի էրեխեքին, որ գոնե կարողանան նախօրոք պատկերացում ունենան, թե ինչ բան ա բանակը և ոնց կարա պատերազմ ըլի»։

«Իքս զորամասում» դռները բաց են առավոտից ուշ գիշեր։ Ամեն օր այստեղ նոր քար, նոր անուն, նոր նկար է հայտնվում։ Պատմություններն են միայն տարբեր, ճակատագիրը նույնն է։ «Որի աչքերին նայում ես, ամեքը մի բան ասում են. Մենք բոլորս ենք պատասխանատու, ազգովի։ Ինչի՞ համար զոհվեց տղեն... Ամեքը մի պատասխան ունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG