Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն պատգամավորի և լրագրողի միջև միջադեպի փաստով քրեական գործ չի հարուցի. լրագրողական կազմակերպությունները վրդովված են


Իշխող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյան, արխիվ

Լրագրողական կազմակերպությունները վրդովմունք են հայտնում այն կապակցությամբ, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից «Հրապարակ» օրաթերթի թղթակից Անուշ Դաշտենցի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրա հեռախոսը խլելու, ապակոդավորելու և տեսանյութը ջնջելու դեպքի առիթով։

«Հատկանշական է, որ ավագ քննիչ Խորեն Մեջլումյանն այդ որոշումը կայացնելիս վկայակոչել է վերոհիշյալ փաստերը, որոնց համար Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված։ Այդուհանդերձ, նա եկել է եզրահանգման, որ հանցակազմը բացակայում է, քանի որ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն», - ասված է 11 հասարակական կազմակերպությունների այսօր տարածած հայտարարությունում, - «Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը և հեռանալով դեպքի վայրից՝ վերացրել իր համար անցանկալի բովանդակությունը։ Մենք պնդում ենք, որ այս միջադեպը մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում է։ Սակայն եթե նույնիսկ քննիչն այդպես չի որակել, ապա լրագրողի գույքն ապօրինի վերցնելը, անձնական տվյալների գաղտնիությունը խախտելը և տեղեկությունը չտարածելուն հարկադրելը բավարար հիմքեր են Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար»։

Լրագրողական կազմակերպությունները հիշեցնում են ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոստումը, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա, ապա ընդգծում են. - «Այդ դիկտատուրան աներկբա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից, թե այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի Մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը և մյուս կազմակերպությունները Դատախազությունից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ «քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին»: Նորընտիր Ազգային ժողովից էլ լրագրողական կազմակերպությունները պահանջում են «առաջնահերթության կարգով լուծել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի հարցը, ինչպես նաև կանոնակարգել պատգամավոր-լրագրող հարաբերությունները՝ բացառելով միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG