Մատչելիության հղումներ

Եվրոպական խորհրդի նախագահն այցելել է Բելառուսի հետ Լիտվայի սահման


Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, արխիվ

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելն այցելել է Բելառուսի հետ Լիտվայի սահման:

Միշելը և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ուղղաթիռով հասել են սահմանի Պադվարնոնիսեի հատված, որտեղից ասիացի ապօրինի միգրանտները փորձում են տեղափոխվել Եվրամիության տարածք:

«Լիտվայի սահմանը Եվրոպական միության արտաքին սահմանն է, հետևաբար, շատ կարևոր է այստեղ լինել, հասկանալ, թե ինչ է պետք անել Լիտվային սատարելու համար»,- ասել է Միշելը:

Վարչապետ Շիմոնիտեի խոսքով, Եվրոպական միությունում գիտեն, որ ապօրինի միգրանտների հարցով բարդ վիճակ է ստեղծվել Լիտվայի և Բելառուսի սահմանին:

«Մենք լուրջ խնդիր ունենք, մենք հուսով ենք, որ Եվրամիությունը կօգնի մեղմել այս լարվածությունը»,- ասել է Լիտվայի վարչապետը:

Այս տարեսկզբից ի վեր Լիտվայում ձերբակալել են Բելառուսի տարածքից ապօրինի ճանապարհով տեղափոխված ավելի քան հազար 300 միգրանտների: Նրանց մեծ մասն ասիական երկրներից են:

Շենգենյան համաձայնության երկրների արտաքին սահմաններից Լիտվային բաժին է հասել հազար 70 կիլոմետր, դրանից 679 կիլոմետրը՝ Բելառուսի հետ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի վերջին ասել է, թե իր երկիրն է այն արգելապատնեշը, որը հարևանին պաշտպանում է թմրադեղերից և ապօրինի միգրանտներից:

«Հաշվի առնելով Արևմուտքի ճնշումները Բելառուսի վրա, մենք պետք է մտածենք, թե արժե՞ արդյոք դա շարունակել»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG