Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ջիվան Գասպարյանը


Վախճանվել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է դուդուկահարի թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստված հոգիդ լուսավոր երկնքում պահի»,- գրել է Ջիվան Գասպարյան կրտսերը:

Աշխարհահռչակ դուդուկահարը 92 տարեկան էր:

Ջիվան Գասպարյանը Խորհրդային Հայաստանի ժողովրդական արտիստ էր, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ։ Թողարկել է ավելի քան երկու տասնյակ ձայնասկավառակ, նվագել է հազարավոր համերգներում, մասնակցել համաշխարհային ճանաչում վայելող ֆիլմերի երաժշտության ստեղծմանը: Արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Ոսկե գլոբուսի», պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության այլ պետական ու գերատեսչական պարգևներով, արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Խոր ցավով տեղեկացա աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Անվանի վարպետը ողջ ստեղծագործական գործունեության ընթացքում հայկական ծիրանափողի փառքը տարածել է աշխարհով մեկ` հանդես գալով հեղինակավոր բազմաթիվ բեմերում, հայկական երաժշտության հնչյունները ներկայացնելով հայտնի ֆիլմերում, համագործակցելով հռչակավոր կոմպոզիտորների, համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների հետ: Մեր ողջ ժողովուրդը և աշխարհի երաժշտասեր հանրությունը Ջիվան Գասպարյանին, որպես մտավորական և հայի բացառիկ կերպար, դասել է համաշխարհային արվեստի մեծերի շարքում, որով մենք հպարտացել ու ոգեշնչվել ենք»:

«Վիլյամ Սարոյանը Ջիվան Գասպարյանի նվագը լսելուց հետո ասել էր՝ «Ջիվան ջան, սա նվագ չէ, այլ աղոթք է»: Վարպետի կատարումներով աղոթքներն ընդմիշտ կմնան ոչ միայն հայ, այլև ողջ աշխարհի արվեստասերների սրտերում ու հիշողություններում», - նշում է Փաշինյանը:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Խոր ցավով տեղեկացա հայկական դուդուկի լեգենդ, ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան մասին: Նրա արվեստը, հոգու խորքից դուրս հորդող այդ զգայացունց մեղեդիները վաղուց անցել են իրականության բոլոր սահմանները և հատել հավերժության գիծը: Ջիվան Գասպարյանը կախարդական սրինգին տիրապետելու իր անկրկնելի վարպետությամբ մեր ժողովրդական երաժշտությունը դուրս հանեց միջազգային բեմահարթակ, աշխարհի բեմեր և համաշխարհային կինո՝ տասնամյակներ շարունակ մեր ազգային մշակույթը հասանելի ու հասկանալի դարձնելով նաև օտար հանդիսատեսին»:

«Դուդուկի մեծ վարպետը մեր ժամանակակից մշակույթի հենասյուներից մեկն էր, ում անվան հետ է կապվում երաժիշտների և հատկապես դուդուկահարների մի ողջ սերնդի ստեղծագործական և աշխատանքային գործունեությունը», - նաև նշում է նախագահ Սարգսյանը:

Դուդուկահարի ընտանիքին ցավակցագիր է հղել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Հայ երաժշտարվեստի երախտավոր, տաղանդաշատ դուդուկահար Ջիվան Գասպարյանը ի Տեր ննջեց ստեղծագործական բուռն գործունեության հարուստ վաստակով, սիրված ու գնահատված մեր ժողովրդի կողմից։ ․․․Նա տասնյակ տարիներ Հայաստանի և արտերկրի բազմաթիվ բեմերում ներկայացրեց հայ երաժշտարվեստի գոհարները՝ ծառայելով մեր մշակույթի ճանաչման ու տարածման երախտարժան գործին:

Բարեհիշատակ Ջիվան Գասպարյանի կատարումները լայնորեն օգտագործվել են նաև համաշխարհային կինոարվեստի ասպարեզում մեծ հաջողություններ արձանագրած ֆիլմերում։ Դուդուկի մեծ վարպետը իր ուրույն ձեռագրով ու արվեստագետի ճաշակով արժանացել է հայրենական ու միջազգային բազմաթիվ պարգևների ու մրցանակների, պետական բարձր կոչումների», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ցավակցական գրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG