Մատչելիության հղումներ

Արաբական «Մասդար» ընկերությունը Հայաստանում 200 ՄՎտ հզորությամբ արևային կայան կկառուցի


Հայաստան - Արևային կայան Թալինում, արխիվ

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող «Մասդար» ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող։

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (Armenian National Interests Fund, ANIF) հաղորդագրության համաձայն՝ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում «Մասդար»-ն ի սկզբանե առաջարկել էր 0,0299 դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկել է 0,0290 դոլար կՎտժ վերջնական սակագինը։

200 ՄՎտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85 տոկոսը և 15 տոկոսը։

«Մասդար»-ի տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին ասել է. - «Ճանաչվելով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող՝ սկիզբ է դրվում մեր գործընկերներ ANIF֊ի և ՀՀ կառավարության հետ համագործակցության նոր և հետաքրքիր փուլի։ Սա կարևոր էջ է Հայաստանի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ Ցածր արժեքով արևային էներգիան կօգնի խթանել նոր ոլորտներ, ստեղծել աշխատատեղեր և երկիրը տանել դեպի ծաղկուն և իրապես կայուն ապագա։ «Մասդար»-ը հպարտ է աջակցել Հայաստանին՝ հասնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր հավակնոտ թիրախներին»։

ANIF տնօրեն Դավիթ Փափազյանը նշել է. - «Մենք բոլոր մակարդակներում բավական մեծ աշխատանք ենք իրականացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Թվում է, թե տարիներ շարունակ աշխատել ենք այս գործընթացի իրագործման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մինչ այսօր սա ամենամեծ միանվագ ներդրումն է կանաչ տնտեսության մեջ և ամենամեծերից ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մենք թե՛ հպարտ և թե՛ հաջողակ ենք Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դեպի վերականգնվող էներգետիկա էվոլյուցիայի այս կարևորագույն ճանապարհին ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին «Մասդար»-ն է»։

Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն դոլար։ Ծրագրի շրջանակում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր:

Մրցույթը «Մասդար»-ի և ANIF֊ի միջև 2019 թվականի նոյեմբերին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում: Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ։

XS
SM
MD
LG