Մատչելիության հղումներ

Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Նազարբաևին ծննդյան օրվա առթիվ


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաև, մայիս, 2019թ.
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաև, մայիս, 2019թ.

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է. - «Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը: Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին»:

Փաշինյանը Նազարբաևին մաղթում է քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես գրել է. - «Հայաստանի ու Ղազախստանի միջև զարգացող բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը հիմնված է բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա, երկու երկրներն ակտիվ գործակցում են ինտեգրացիոն միավորումների շրջանակներում և այլ միջազգային հարթակներում: Հայաստանի Հանրապետությունում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը մեր երկրների միջև բարեկամական կապերի և փոխշահավետ քաղաքական, տնտեսական և հումանիտար համագործակցության խորացման գործում:

Անկեղծորեն գնահատում եմ մեր բարեկամությունը: Ջերմությամբ եմ հիշում վերջերս կայացած իմ այցը Ղազախստան, որը նոր խթան կհանդիսանա մեր երկրների համագործակցության ամրապնդման համար»:

Ղազախստանի առաջին նախագահն այսօր դարձավ 81 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG