Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ Տիգրան Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան


Երեկ երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում տեղի ունեցավ տարվա թերևս ամենաազդեցիկ մշակութային իրադարձությունը՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի, իտալական Լուիջի Քերուբինի երիտասարդական նվագախմբի և հայ ու իտալացի մենակատարների մասնակցությամբ համերգ՝ աշխարհահռչակ Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ:

Լեփ-լեցուն դահլիճը հոտընկայս ծափահարություններով դիմավորեց Մաեստրոյին, որն անակնկալ էր պատրաստել ունկնդրի համար՝ «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը սկսելով Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության օրհներգերի կատարմամբ:

Թե այդ, թե համերգային ծրագրում ընդգրկված կատարումները հիացրին ունկնդրին: Հայդնի, Մոցարտի և Շուբերտի ստեղծագործություններից հետո, համերգի եզրափակիչ մասում տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերա՝ հնչեց Տիգրան Մանսուրյանի նոր, «Քավարան» խորագրով ստեղծագործությունը, որը չափազանց մեծ ազդեցություն գործեց հանդիսատեսի վրա:

Հավարտից հետո բուռն ծափողջյունների ներքո Մաեստրո Մուտին բեմ հրավիրեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանին, Տիգրան Մանսուրյանին, նրանց միացավ նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Շնորհավորելով և ջերմ երախտագիտությունը հայտնելով բոլոր երաժիշտներին, անդրադառնալով հայ-իտալական դարավոր պատմություն ունեցող հարաբերություններին՝ նախարարը Ռիկարդո Մուտիին հանձնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից նրան շնորհված Բարեկամության շքանշանը:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը հիշեցրեց, որ իր այս նոր ստեղծագործությունը գրել է Ռավեննայի փառատոնի կազմակերպիչների պատվերով, իսկ Ռավեննայի փառատոնն էլ այս տարի նվիրվում է մեծն Դանթե Ալիգերի մահվան 700-ամյակին:

«700 տարին անշուշտ մեծ թվական է, Դանթեի կենսագրության մեծ թիվն է։ Բայց ահա ժամանակները այնքան են մերձենում, որ Դանթեն այսօրվա օրով գալիս է Հայաստան՝ ասելու համար, որ մենք հոգևոր զավակներն ենք մշակութային մի իրականության, որ ունի հզոր անուններ, այդ թվում հենց ինքը Դանթեն», - ասաց Մանսուրյանը։

Մաեստրո Ռիկարդո Մուտին իր հերթին բոլորին իր երախտագիտությունը հայտնելով՝ հատուկ շնորհակալություն հայտնեց Տիգրան Մանսուրյանին. - «Շնորհակալություն այն պատվի և առանձնաշնորհումի համար, որ տրվեց ինձ, որպեսզի ես կարողանամ իր երաժշտությունը խորապես ուսումնասիրել և կատարել։ Թեև իր գրած երաժշտությունը ժամանակակից երաժշտություն է, բայց դարձյալ մեզ փաստում է, որ այժմ կարելի է երաժշտություն գրել ոչ միայն մտքով, այլ նաև սրտով»։

«Երաժշտությունը միավորում է ժողովուրդներին ու երկրները», - շարունակեց Ռիկարդո Մուտին ՝ հավելելով, որ որ այս երեկոն կրկին միավորեց հայ և իտալացի ժողովուրդներին, որոնց բարեկամությունը վաղեմի պատմություն ունի:

Մաեստրո Մուտին հիշեցրեց մեծանուն դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի խոսքը, թե երկրագնդի վրա յուրաքանչյուր մարդ ունի երկու հայրենիք՝ մեկը իր հայրենիքն է, մյուսը Իտալիան: Իսկ այժմ, ասաց, կարող ենք ասել, որ յուրաքանչյուր իտալացի ունի երկու հայրենիք՝ Իտալիան և Հայաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG