Մատչելիության հղումներ

Բանակում ոչ մեկին չեն պարտադրել, մարդիկ ազատ են եղել. Հովսեփ Խուրշուդյան


«Ազատության» տաղավարում այսօր «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն է։

«Ազատություն». – Արդյո՞ք այս խորհրդարանը ժողովրդի ցանկությունը արտահայտեց։ Միայն նախկիններ և ներկաներ։ Մի քանի հարյուր հազար ձայն է ստացել նախկին իշխանությունը ներկայացնում ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը «Հայաստան» դաշինքի հետ միասին։

Խուրշուդյան. – Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ էդ ձայների հալալ կեսը մոտավորապես իրենց բաժանած կաշառքների հետևանքն է։ Համատարած են այդ կաշառքների մասին տեղեկությունները, մենք ունենք նաև ձերբակալման դեպքեր, կալանավորումներ և քրեական գործեր ոչ միայն ընտրակաշառքների մասով։ Ընտրակեղծիքներ, վարչական ռեսուրսի կիրառում... աբսուրդ վիճակ է, չէ՞, որ ընդդիմությունն է վարչական ռեսուրս կիրառում ընտրությունների վրա ազդելու տեսակետից՝ նկատի ունենալով իրենց գործարանները օլիգարխների նախկին, տեղական ինքնակառավարման մարմիններում նստած տարբեր ջեբկիրների, որոնք մինչև հիմա չեն ազատել իրենց պաշտոնները։ Նաև թուլության պատճառով գործող իշխանությունների նախորդ շրջանի երեքամյա ոչ հետևողական քաղաքականության։ Լավ է, որ հիմա իրենք պնդում են, որ հիմա իրենք պողպատյա մանդատով էդ բոլոր հարցերը լուծելու են։ Տեսնենք, թե ոնց են լուծելու։ Որովհետև դրանից է կախված և' իրենց ապագան, և' երկրի։

«Ազատություն». – Ճիշտն ասած, ընտրակեղծիքների մասին հենց այս ուժերն են բարձրաձայնում, չորս դիմում կա Սահմանադրական դատարան։ Դուք տեսնո՞ւմ եք այնպիսի ծավալ, որ ազդի քվեարկության արդյունքների վրա։

Խուրշուդյան. – Լկտիության գագաթնակետն է. որ իրենք բաժանում են ընտրակաշառնքեր և հետ իրենք ասում են ընտրախախտումներ են եղել և էդ հիմքով պետք է չճանաչվեն ընտրությունների արդյունքները։ Լկտիության գագաթնակետն է, բայց էդ իրենց համար սովորական է, իրենց էությանը համապատասխանող հիմնական հատկություններից մեկն է։ Լկտիությունը, ստորությունը էդ մարդկանց որակն է, իրենք հիմա լրիվ խոդի են տվել։ Փողը ունեն, ծախու փաստաբաններ, իրավաբաններ ունեն, լրիվ մինչև վերջ խոդի են տվել, էրեսները պնդացրել են... Իրենց թվում է, թե ժողովուրդը չի հասկանում իրենք ով են և ինչ են անում։

«Ազատություն». – Իշխանությունը վարչական ռեսուրս չի՞ կիրառել։ Օրինակ, երբ վարչապետը խոստանում էր ճանապարհներ սարքել...

Խուրշուդյան. – Եթե նա չաներ էդ երեք տարի և հետո ասեր՝ այ, նոր կսկսեմ կառուցել, եթե ինձ ընտրեք, կհասկանային, որ ինչ-որ կեղծ խոստում... նույնիսկ էդ վարչական ռեսուրսի կիրառում չէ, խոստումներ բոլորն էլ տալիս են։ Բոլորն էլ իրավունք ունեն խոստումներ տան։ Բա ընտրությունների իմաստը դա է, որ ամեն մեկը մի բան խոստանում է, ժողովուրդն էլ ընտրում է այն խոստումը, ում հավատում է նաև, որ կիրականացվի։ Հիմա երեք տարի ճանապարհ են կառուցել մարդիկ ու ասում են պիտի կառուցենք, էդ էղավ վարչական ռեսուրսի կիրառո՞ւմ։

«Ազատություն». – Բանակը անկաշկա՞նդ է քվեարկել։

Խուրշուդյան. – Այո, ես ունեմ տեղեկություններ բանակից, տարբեր տեղերից հարցուփորձ եմ արել։ Մինչև էդ էլ ունեի՝ նախորդ իշխանությունների օրոք, և գիտեի, որ բոլորը միշտ պարտադրված ընտրության էին տանում։ Իսկ հիմա գիտեմ, որ ոչ մեկին չեն պարտադրել, մարդիկ ազատ են եղել...

«Ազատություն». – Հրամկազմը զինվորին չի ասել, որ պիտի իշխանությանը քվեարկես, կամ գուցե հակառակը...

Խուրշուդյան. – Ես ձեզ մի հարց տամ։ Երեք տարիների ընթացքում հրամկազմի աշխատավարձերը կտրուկ բարձրացել են, զինվորների պայմանները կտրուկ բարելավվել են՝ սննդից սկսած, պահման պայմաններից, ամեն ինչից վերջացրած, էդ զինվորները հո ապուշ չե՞ն, որ դեմ լինել էդ բոլոր բարեփոխումներին։ Բնականաբար, նորմալ դատողությամբ մարդիկ գնում ընտրում են էն, ինչ որ իրենք տեսել են, էն, ինչ որ իրենք վստահում են, հավատում են։ Եվ կարիք էլ չկար իշխանություններին ինչ-որ նման բան անել։ Ուրիշ բան, որ այլ այլընտրանքային ուժերը, որոնք կարող էին մեծ ձայներ ստանալ, ցավոք սրտի, չստացան, որովհետև այն ձայները, որոնք գուցե իշխանությունները չստանային, բոլոր չեն վստահում իշխանություններին, հատկապես պարտությունից հետո, գնար էդ ուժերին։ Բայց քանի որ Քոչարյանի վերադարձի վտանգը կար, բոլոր ձայները, որ պետք է նաև այլ այլընտրանքային ժողովրդավարական ուժերին գնային, կենտրոնացան Նիկոլ Փաշինյանի վրա, և արդյունքում էն մնացած ուժերը դուրս մնացին՝ նաև չկոնսոլիդացվելու հետևանքով։

«Ազատություն». – Նաև պետական աշխատողների ռեսուրսն է օգտագործվել, մասնավորապես, վարչապետի հավաքները մարդաշատ դարձնելու համար։

Խուրշուդյան. – Ես չունեմ նման ինֆորմացիա, որ մարդկանց կամքին հակառակ բերել են։ Ես ունեմ նման ինֆորմացիա ընդդիմության, կոնկրետ «Հայաստան» դաշինքի վերաբերյալ, որը մեծ հանրահավաքներին նույնիսկ Արցախից ավտոբուսներով մարդ էր բերում, էլ չասած էն ռուսական տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները։

«Ազատություն». – Պարոն Խուրշուդյան, այս առիթով քաղհասարակության քննադատում են։ Օրինակ, հենց այս տաղավարում Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը խիստ կասկածի տակ էր դնում տեղական դիտորդների անաչառությունը, ասում էր, որ նրանք արդեն սերտաճել են իշխանությանը։

Խուրշուդյան. – Միջազգայիններն է՞լ են սերտաճել... հա'մ միջազգայինները, հա'մ ՀԱՊԿ-ի դիտորդները, էդ բոլորը դերտաճել են, մենակ իրանք են արդար ու ազնիվ... էդ կաշառքները որ բաժանել են, էդ ա իրանց արդարությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG