Մատչելիության հղումներ

Հուլիսի 6-ին սկսվելու է Կաննի կինոփառատոնը


Ֆրանսիա - Կաննը պատրաստ է 74-րդ կինոփառատոնին, 4-ը հուլիսի, 2021թ.

Երեքշաբթի օրը Կաննում տեղի կունենա հեղինակավոր կինոփառատոնի բացումը:

Կինոաշխարհն անհամբերությամբ է սպասում այդ օրվան, քանի որ այն կնշանակի երկու տարի տևած կորոնավիրուսային տառապանքներից հետո վերադարձ բնականոն կյանքին, առնվազն՝ վերադարձի մեկնարկ:

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը հունիսին չեղարկվել է:

Կաննի կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 6-ից 17-ը: Այդ օրերին, իհարկե, գործելու են որոշակի պահանջներ, այցելուները և մասնակիցները պարտավորվելու են խստորեն հետևել սոցիալական հեռավորության կանոնին:

«Այս տարին շատ հուզիչ է, բոլորը հարցնում էին՝ կլինի՞ փառատոնը, տեղի կունենա՞: Եվ ահա, վերջապես ասում ենք, որ այո, տեղի կունենա, սա հրաշալի է», - հայտարարել է բրիտանացի կինոռեժիսոր Ջոել Մոլենը:

Իշխանություններն, իհարկե, կիրառում են որոշակի խիստ պահանջները: Կաննում փառատոնի անցկացման շրջանի հարևանությամբ մասնակիցների և հյուրերի համար կգործի կորոնավիրուսի դեմ պատվաստումների և ստուգումների տաղավար:

Մասնակիցները պետք է փակ սրահներում դիմակներ կրեն, թեպետ Ֆրանսիայի տարածքում դա այլևս պարտադիր չէ:

«Հրաշալի է, երբ մտածում ես, որ այս ամենը նորից սկսվում է, մենք գրեթե վերադարձել ենք նորմալ կյանքին, և թեպետ սա բարդ տարի էր՝ միևնույն է երջանիկ ենք, որ նորից Կաննում ենք», - ասել է անկախ կինոթատրոնի սեփականատեր Կլաուդին Կորնիլան:

Կաննի այս տարվա փառատոնը նախատեսված էր մայիսին, բայց հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

Այս տարի փառատոնին ներկա կլինեն կինոաշխարհի հազարավոր պատվիրակներ, ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ, լրագրողներ:

«Գուցե այս մի փառատոնը կլինի ոչ այնքան պրոֆեսիոնալների, որքան պարզ մարդկանց համար: Ահավասիկ, թող այդպես լինի, դա էլ լավ է, մի քիչ կուրախանան», - ասել է Կաննում դեկորացիաներ տեղադրող թիմի բեմի բանվոր Մարկը:

Կինոքննադատների կարծիքով, այս տարի «Ոսկե արմավենու» համար պայքարողների թվում են աշխարհահռչակ ամերիկացի կինոաստղեր՝ դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Շոն Փենը և ռեժիսոր Վես Անդերսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG