Մատչելիության հղումներ

«Կռիվ տալով» գրքում պատերազմի 19-ամյա մասնակից Լևոնն ամփոփել է հուշերը


19-ամյա Լևոն Սահակյանն ընդամենը 2 ամսվա զինծառայող էր, երբ պատերազմ սկսվեց: Նա առաջին իսկ օրվանից մասնակցեց ռազմական գործողություններին, պատերազմի վերջին օրերին, սակայն, ծանր վիրավորվեց: Այսօր Լևոնն արդեն գրքի հեղինակ է. «Կռիվ տալով» գրքում ամփոփված են նրա պատերազմական հուշերը:

«Ամբողջ գրքի մեջ պատմում եմ պատերազմի անցած իմ 40 օրերի մասին, պատմում եմ իմ հերոս հրամանատարների` Դավիթ Վանիկի Ղազարյանի և Տոնոյանի մասին, պատմում եմ այն հերոս տղերքի մասին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին այս պատերազմում», - նկարագրում է գրքի հեղինակը:

Լևոնը նոյեմբերի 5-ին պարանոցի հատվածում բեկորային վիրավորում է ստացել, խնդիրներ է ունեցել նաև թոքերում. «Փառք Աստծո, հիմա լավ եմ»:

Երեկ Լևոն Սահակյանի հեղինած գրքի շնորհանդեսն էր. պատերազմի մասին գիրք գրելու գաղափարը ծագել է սեպտեմբերի 30-ին՝ այն օրը, երբ իմացավ, որ իրենց գումարտակի հրամանատար Դավիթ Ղազարյանն է զոհվել. «Այդ օրը երեկոյան մտքերս սկսեցի կիսել ընկերներիս հետ, սկզբում չէին սպասում ինձնից նման բան, հետո երբ սկսեցի գրել ու հաճախ էի կարդում, արդեն սկսեցին ինձ ավելի ոգևորել տղաները, բայց ամեն օր տղերքին ասում էի եթե ես չլինեմ, նպատակս կհասցնեք իմ վերջին կետին: 40 օր անցկացրի կռվի ամենաթեժ վայրերում իմ հրամանատարների, իմ զինակից ընկերների հետ միասին: 40 օր քայլել մահվան հետ, չտեսնել նրան, բայց հոգուդ խորքում զգալ ու կռիվ տալով գնալ առաջ...»:

Մարզական լրագրողի մասնագիտությունն ընտրած Լևոնին շնորհավորելու էին եկել շատերը՝ դասղեկը, ուսուցիչները, մարտական ընկերները, պատերազմում ընկած տղաների հարազատները ու բազմաթիվ այլ մարդիկ. «Նկարագրված է, որ ինչպես կարելի է հերոս լինել և հերոս մնալ` չնայած այն դաժանությանը, որ ալեկոծում է մարդուն»:

Թեև Լևոնն իր գիրքը «Կռիվ տալով» է վերնագրել, շապիկին մի քանի զինվոր առանց զենքի բարձրանում են Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձան. սա հեղինակի խոսքով` խորհուրդ ունի. «Զինվորները բարձրանում են Արցախի հուշաքարի մոտ, բայց առանց զենքերի են բարձրանում, այսինքն` մեր հույսը, մեր փրկությունը միայն ու միայն Աստված է, այսինքն` ես փրկվել եմ թշնամու բեկորներից ու գնդակներից, ու Աստված է ինձ տվել երկրորդ կյանք ապրելու համար: Դրա համար նպատակս հենց դա է եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG