Մատչելիության հղումներ

Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը «նոր պայմաններում կարող է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի խաղաղությանը»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, արխիվ, 31 մարտի, 2016թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Ջո Բայդենին:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալիևը գովեստով նշել է, որ մի շարք ոլորտներում երկու երկրների ռազմավարական համագործակցությունը բարձր մակարդակի է հասել:

Ալիևը բարձր է գնահատել էներգակիրների մատակարարման և, մասնավորապես, «Հարավային գազային միջանցքի» ծրագրին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունը:

Ալիևն ուղերձում պնդել է, թե 44-օրյա պատերազմի արդյունքում «Ադրբեջանը վերականգնել է տարածքային ամբողջականությունը և ապահովել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը»:

«Պատերազմի ավարտը ստեղծել է նոր իրականություն և ամուր խաղաղության բարենպաստ հիմք, ընձեռել է տտեսության վերականգնման և տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: Կարծում եմ` Միացյալ Նահանգներն այս նոր պայմաններում կարող է մեծ ներդրում ապահովել Ադրբեջանի և Հայաստանի միջև ամուր խաղաղություն և վստահություն ամրապնդելու գործում»,- նշել է Ալիևը Բայդենին հասցեագրված շնորհավորական ուղերձում:

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, թե կցանկանար, որ «ամերիկյան ընկերությունները մասնակցեն ազատագրված տարածքներում վերականգնման և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին»:

XS
SM
MD
LG