Մատչելիության հղումներ

Կառուցապատողն ապագա բնակիչներից ավելի քան 3 մլն դոլար է վերցրել, բայց շենքի կառուցումն ավարտին չի հասցրել


Բազմաբնակարան շենքի կառուցապատողին Արթուր Հակոբյանը 4 սենյականոց բնակարանի արժեքի մեծ մասը (100 հազար ԱՄՆ դոլար) վճարել էր, մնացած մասը պատրաստվում էր վճարել շինարարության ավարտին, սակայն շենքն առաջին հարկից այդպես էլ չբարձրացավ։

Ամիսներ շարունակ շինհրապարակը դատարկ է՝ ո՛չ տեխնիկա կա, ո՛չ էլ շինարարներ, անգամ միակ պահակն է լքել տարածքը։

Կես տարուց ավելի կառուցապատողից նույն պատճառաբանությունները լսելով՝ 80-ից ավելի ընտանիք հույսը կտրել է։ Արդեն չեն էլ կասկածում, որ կազմակերպված խարդախության թիրախում են հայտնվել։

«Ասիամեգաստրոյ» ընկերությունը պետական գրանցում 2019-ին է ստացել։ Արդեն 2020-ին բաժնեմասերի 100 տոկոսը «ԷՌՆԵՍՏ ԿՈ»-ին է փոխանցվել՝ «ձևական», պնդում է ընկերության տնօրեն Էռնեստ Ղազարյանը։ Նրա խոսքով, ինքը «Ասիամեգաստրոյի» սեփականատիրոջը մեկ ու կես միլիոն դոլար պարտք է տվել՝ նախ մեկ միլիոնի շինարարական տեխնիկա, հետո՝ 500 հազար դոլար կառուցվող շենքում բնակարաններ ունենալու դիմաց։

«Պայմանագիրը կնքել ենք, նոտարով ամեն ինչ արել ենք, որ ինձ էդքան քառակուսի պիտի բնակարան տա։ Մի քանի վախտ հետո զանգել են, ասում են կես միլիոն փող ա պետք, որ էդ տունը վերջացնենք։ Ասում եմ՝ խնդիր չկա կօգնեմ, բայց գրավի տեղ ի՞նչ ունեք, մի բան տվեք, որ ես հասկանամ։ Ասեց՝ հող կտանք, շենք կտանք, տնօրեն կդառնաս, հենց փողը կտանք, նորից հետ կվերցնենք։ Հետո խաբեցին ինձ, ինձ տնօրեն դարձրին, փողս էլ առան, մեքենաներս էլ առան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը։

«Ասիամեգասրոյի» նախկին տնօրեն Ռադիկ Գևորգյանը պատճառաբանում է, թե ստեղծված իրավիճակը ոչ միայն կորոնավիրուսի համավարակի, պատերազմի, այլև իր նախկին գործընկերոջ պատճառով է՝ Գեղամ Ասրյանի, որից հիմա տեղեկություն չունի։ Վստահեցրեց, թե ինքն ամեն ինչ անում է, որ բնակիչների խնդիրը լուծի։

Հիմա շինհրապարակը փորձում են այլ ընկերության վաճառել, որ շինարարությունը շարունակվի. - «Ուղղակի Գեղամ Ասրյանը բորշը սարքել ա, հիմա Գեղամ Ասրյանը չկա, և ես մնացել եմ մենակ էդ ժողովրդի հետ՝ աշխատողների հետ միասին, և փորձում եմ ամեն ինչ անել, որ ոչ մի հոգի՝ ո'չ բնակիչ, ո'չ աշխատող իրան «քցված» չզգա...»։

Առանձնապես խոշոր չափով յուրացում կատարելու համար Ռադիկ Գևորգյանին ու նրա նախկին գործընկերոջը՝ Գեղամ Ասրանին մեղադրանք է առաջադրվել։ Պարզվում է, սա Գեղամ Ասրյանին առնչվող առաջին քրեական գործը չէ, մի այլ քրգործ էլ արդեն Ղազախստանում է հարուցվել, կրկին բազմաբնակարան շենքերի հետ կապված խարդախության համար։ 4 անձ է ազատազրկվել, իսկ ինքը՝ Ասրյանը, ըստ ղազախական լրատվամիջոցների, հետախուզման մեջ է։

«Ասիամեգաստորյից» տուժած քաղաքացիներն իրենց խնդիրը լսելի դարձնելու համար երեկ կառավարության շենքի առջև էին հավաքվել։

«Հույսով ենք կառավարությունը գործին ընթացք կտա, էլ բանը չի հասնի դատարաններին», - ասաց նրանցից մեկը։

Կորյուն Մխիթարյանը գրեթե 64 հազար դոլարին համարժեք դրամ է վճարել բնակարանի գնման համար։ Շինարարության ավարտը, ասում է, այս տարվա գարնանն էր։ Արդեն նոր տանը պետք է լինեին։ - «Երբ հասկացել ենք, որ դեկտեմբերից հետո շարժ չկա, չեն շարունակում կառուցապատումը, սկսել ենք գումարները ուզել։ Ո'չ գումար ունեն, որ հետ տան, ո'չ գումար ունեն, որ շինարարություն անեն»։

Հաջողակներ կան, որ շատերի համեմատ չնչին գումարներ են մուծել կառուցապատողին։ Արտավազդ Մելքոնյանը բնակարանն ամրագրելու համար մեկ ու կես միլիոն դրամ էր վճարել. - «Ես էդքան եմ ունեցել ուղղակի»։

Կառուցապատողից տուժած քաղաքացիները հաշվել են. շենքում տուն գնելու համար 80-ից ավելի ընտանիքներով միասին «Ասիամեգաստրոյին» ավելի քան մեկ միլիոն 500 հազար դոլար են վճարել, որով հնարավոր էր մի քանի հարկ էլ բարձրանալ, մյուսներն էլ վարկի միջոցով շարունակել: Բայց իրենց կառուցապատողը պատճառաբանել է, թե բանկերը վարկ չեն տրամադրում։

«Խաբում էին տարբեր պատճառաբանություններով՝ պանդեմիա, պատերազմ, վարկը լինում ա, վարկը չի լինում, հեսա վարկը լինում ա...», - ասում է տուժող Իշխան Նադիրյանը։

Պետական ռեգիստրից տեղեկանում ենք՝ «Ասիամեգաստրոյին» պատկանող գույքի վրա բազմաթիվ արգելանքներ են դրված, նաև սնանկության դիմում է ներկայացվել։

Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով խարդախության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել միայն բնակիչների մի մասի հաղորդումների հիման վրա։

Մյուս տուժած քաղաքացիները դեռ սպասում են` հուսալով, թե որևէ այլ կառուցապատող կշարունակի կիսատ մնացած շինարարությունը, և հարցն առանց քաշքշուկի կլուծվի։

Մինչ այդ բնակարանամուտ տոնելու փոխարեն տանտիրոջ իրավունքով հավաքվում են Դավթաշենում գտնվող կիսակառույցում ու իրենց հուզող հարցերը քննարկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG