Մատչելիության հղումներ

Լավրովի համոզմամբ` «Արևմուտքը փորձում է ստիպել Թեհրանին նոր պարտավորություններ ստանձնել»


Վիեննայում ընթացող բանակցություններում Արևմուտքը փորձում է ստիպել Թեհրանին հետին թվով նոր պարտավորություններ ստանձնել, որոնք որևէ կապ չունեն Իրանի միջուկային ծրագրի հետ, այսօր Մոսկվայում այդ մասին է հայտարարել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ըստ իս` այն ամենն, ինչ ստորագրվել և հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, պետք է վերականգնվի, դա շատ ազնիվ մոտեցում կլինի։ Մեր արևմտյան գործընկերները, սակայն, փորձում են այս իրավիճակը օգտագործել հետին թվով միջուկային համաձայնագրի դրույթները փոփոխության ենթարկելու և Իրանի վզին նոր պարտավորություններ փաթաթելու համար»,- հայտարարել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Լավրովի խոսքով` արևմտյան պետությունների պահանջները վերաբերում են Թեհրանի կողմից արտադրվող բալիստիկ հրթիռներին և Իսլամական հանրապետության տարածաշրջանային ակտիվությանը։ «Ռուսաստանի տեսակետը շատ պարզ է՝ վերադարձեք միջուկային համաձայնագրի կատարմանը, իսկ մնացած բոլոր հարցերը կարելի է առանձին քննարկել», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

XS
SM
MD
LG