Մատչելիության հղումներ

Մալաթիա-Սեբաստիայի ընտրողներին կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է


Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու խմբային շահերից ելնելով` համատիրության կառավարիչը նույն համատիրության հաշվապահի օժանդակությամբ ընտրողներին տվել է կաշառք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:

«Մասնավորապես, Վ.Վ.-ն 2021 թվականի հունիսի 5-ին հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք՝ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շ.Դ.-ն, իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վ.Վ.-ին և պատրաստակամություն հայտնել հանդիպել ու նույն հարցի շուրջ զրուցել ընտրողի կնոջ հետ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ընտրողին տրված՝ կաշառքի առարկա հանդիսացող 20 հազար դրամը նախաքննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է վերջինիս մոտից:

Բացի այդ, Վ.Վ.-ն Շ.Դ.-ի օժանդակությամբ հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի: Ըստ ՀՔԾ-ի` Շ.Դ.-ի խորհրդով Վ.Վ.-ն հանդիպել է հիշյալ ընտրողի հետ և վերջինիս առաջարկել 20 հազար դրամ կաշառք՝ ընտրությանը մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, սակայն ընտրողը հրաժարվել է կողմ քվեարկել նշված դաշինքի օգտին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել` ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG