Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հաղորդում է Հայաստան ներկրվող 97կգ հերոին հայտնաբերելու մասին


Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի
Լուսանկարը՝ ՊԵԿ լրատվականի

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հաղորդում է տարվա խոշոր բացահայտումներից մեկի մասին՝ օրերս հայտնաբերվել է մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստան ներկրվող 97 կիլոգրամ ընդհանուր քաշով «hերոին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը մոտ 11 միլիոն դոլար է:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, մասնակցությամբ Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցների և Ռուսաստանի սահմանապահ զորքերի ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության աշխատակիցների, մաքսային հսկողության են ենթարկել Իրանից «Ագարակ» պետական սահմանային անցակետով Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը։

«Բեռնատարի մաքսային զննման արդյունքում դրա կցորդի տանիքի դիմացի հատվածում թաքցված մետաղական կոնստրուկցիաների միջից հայտնաբերվել են 97կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 119 հատ փաթեթ՝ փաթեթավորված շագանակագույն ինքնակպչուն ժապավեններով», - ասված է հաղորդագրությունում: - «Հայտնաբերված 97կգ ընդհանուր քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը ընթացիկ տարվա երկրորդ խոշոր բացահայտումն է մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից վերջերս բացահայտված շուրջ 365կգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցի հայտնաբերման դեպքից հետո։ Հայտնաբերված հերոինի շուկայական արժեքը կազմում է 10-11 միլիոն ԱՄՆ դոլար»:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` թմրամիջոցների մաքսանենգության հատկանիշներով, Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է։

Ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ թմրամիջոցների մաքսանենգության հիշյալ դեպքով ներգրավված անձանց շրջանակը բացահայտելու ուղղությամբ, փոխանցում է ՊԵԿ-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG