Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ադամ Շիֆը տեղեկացրել է, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանի և Արցախի 52 միլիոն դոլարի կայուն ֆինանսավորումը:
«Ավերիչ հակամարտության և անհավանական տառապանքների տարուց հետո Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի մյուս համանախագահների հետ միասին կարողացանք ավելի քան 52 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ներառել Պալատի Արտաքին հատկացումների վերջերս ներկայացված օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկայի ոլորտի բարեփոխումներին Հայաստանում ու առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին», - Ֆեյսբուքում գրել է Շիֆը՝ ընդգծելով, որ աշխատանքն այս ուղղությամբ ավարտված չէ:
«Մենք պետք է շարունակենք հորդորել Բայդենի վարչակազմին ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները ՝ վերջ տալու ադրբեջանական ագրեսիային և ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների ու ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, որոնցից ոմանք խոշտանգվել են, ինչը մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաների խախտում է:
Եվ մենք նաև պետք է շարունակենք հորդորել նախագահ Բայդենին՝ հրաժարվել մարդու իրավունքների լուրջ խախտումները շարունակող ու Հայաստանի անկախությանն սպառնացող Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնություն տրամադրելուց», - նշել է կոնգրեսականը՝ ամփոփելով. - «Ես միշտ կանգնելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին: Միշտ»: