Մատչելիության հղումներ

Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բացվում է «Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել» ցուցահանդեսը


Միխայիլ Վռուբելի «Դևը» կտավը
Միխայիլ Վռուբելի «Դևը» կտավը

«Որոնելով գեղեցիկը. Միխայիլ Վռուբել». այս խորագիրն է կրում այսօր Ռուսական արվեստի թանգարանում բացվող ցուցահանդեսը, որը նվիրված է 20-րդ դարասկզբի ռուսական մոդեռնիզմի նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Միխայիլ Վռուբելի ծննդյան 165-ամյակին և Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյա հոբելյանին:

«Առաջին անգամ Ռուսական արվեստի թանգարանը իր հարկի տակ է հավաքել հեղինակի այն բոլոր ստեղծագործությունները, որոնք Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության մասն են կազմում։ Ներկայացնում են Ազգային պատկերասրահի հավաքածուն՝ Միխայիլ Վռուբելի ինը ստեղծագործություն, և չորս ստեղծագործություն մեր հավաքածուից», - մանրամասնեց Ռուսական թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը։

Ցուցահանդեսում ներկայացվող ստեղծագործությունները ի հայտ են բերում Միխայիլ Վռուբելին որպես բեմանկարիչ, գծանկարիչ, գեղանկարիչ և քանդակագործ, որն իր մեծ ազդեցությունն է ունեցել 20-րդ դարասկզբի կերպարվեստի զարգացման վրա: Այս նորաբաց ցուցահանդեսում ներկայացված է նաև Լերմոնտովի մահվան 50-րդ տարելիցի առիթով հրատարակված նրա «Երկերի ժողովածուն», որը նկարազարդել են մի շարք ռուս անվանի նկարիչներ, նրանց թվում և Միխայիլ Վրուբելը՝ այդ առիթով հատուկ ստեղծելով իր հանրահայտ «Դևը» շարքը Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա:

«Լերմոնտովի ժողովածում տրամադրել է Հայաստանի ազգային ակադեմիայի գիտական գրադարանը։ Համագործակցել ենք նաև դրսի թանգարանների հետ՝ Բախրուշինի անվան պետական թատերական թանգարանի հետ, որտեղից մեզ տրամադրել են արխիվային նյութեր Միխայիլ Վռուբելի կենսագրության, ստեղծագործական կյանքի մասին։ Ինչպես նաև՝ Մոսկվայի տան հետ, որոնք մեզ ֆինանսապես են աջակցել ծրագրի իրականացման գործում», - նշեց Մկրտչյանը։

Նա պարզաբանեց, թե ինչու են որոշել այս ցուցահանդեսը միաժամանակ երկու հոբելյանի նվիրել. - «Քանի որ Ազգային պատկերասրահը տեխնիկական պատճառներով փակ է, մեզ հնարավորություն ընձեռվեց այս ցուցահանդեսը մեր հարկի տակ իրականացնել։ Ցուցադրության համակարգողն է Ռուսական արվեստի թանգարանի ֆոնդապահ Վերա Կոլչուրինան, ով շատ հետաքրքիր լուծումներ է տվել թե' տեքստային առումով, թե' գունային և ընդհանրապես էքսպոզիցիոն տարածքի։ Մեր հայտնի ստեղծագործությունը ցուցադրվում է՝ «Դևը և հրեշտակը Թամարայի հոգու հետ»։ Նշեմ, որ այդ ստեղծագործությունը երկու ամսից կմեկնի մասնակցելու Տրետյակովյան պատկերասրահի հոբելյանական ցուցահանդեսին Վռուբելի։ Այնուհետև մնա այնտեղ և կմասնակցի «Լավագույն վերականգնված աշխատանքներ» ցուցահանդեսին»։

Ռուսական արվեստի թանգարանի տնօրենը հավելեց, որ Միխայիլ Վռուբելի 165-ամյակը առաջինը Երևանում է նշվում, թեև այն պատրաստվում են նշել նաև այլ թանգարաններ. - «Բոլոր այն թանգարանները, որոնք ունեն Միխայիլ Վռուբել հավաքածու բոլորն էլ նշում են որպես հոբելյանական տարի»։

Ռուսական արվեստի թանգարանում այս նորաբաց ցուցահանդեսը կգործի մինչև օգոստոսի 20-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG