Մատչելիության հղումներ

Նարեկ Հախնազարյանը հայ ունկնդին է ներկայացնում իր համար գրված թավջութակի կոնցերտը


2017 թվականին անվանի կոմպոզիտոր Էդվարդ Հայրապետյանը գրեց Թավջութակի 4-րդ կոնցերտը՝ նվիրելով այն մեր ժամանակների լավագույն թավջութակահարներից Նարեկ Հախնազարյանին:

Այդ ստեղծագործության համաշխարհային պրեմերան տեղի է ունեցել 2018 թվականին Գերմանիայում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Սմբատյան) և Նարեկ Հախնազարյանի կատարմամբ։

Եվ ահա այս երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում մեր երաժշտասերները նույնպես հնարավորություն ունեն ունկնդրել Էդվարդ Հայրապետյանի Թավջութակի 4-րդ կոնցերտը՝ այս անգամ կորեացի անվանի դիրիժոր, Արամ Խաչատրյան մրցույթի դիրիժորական անվանակարգում 2016 թվականին առաջին մրցանակակիր Ջուն Սան Պարկի ղեկավարությամբ:

Այսօր, համերգից առաջ մեր զրուցի ընթացքում կորեացի դիրիժորը շեշտում էր, որ շատ երջանիկ է այս հրավերը ստանալու համար՝ ղեկավարելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը, նրա բնորոշմամբ, հրաշալի նվագախումբ է։ Նշում էր, որ շատ ուրախ է կրկին Երևանում գտնվելու համար, որը իր համար սիրելի քաղաք է, և արդեն իսկ սպասում է հաջորդ համերգի հրավերին Երևանից:

Այսօրվա համերգը, որի ընթացքում կհնչեն նաև հատվածներ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից, Նարեկ Հախնազարյանի և կորեացի դիրիժոր Ջուն Սան Պարկի առաջին ստեղծագործական համագործակցությունն է:

Ջուն Սան Պարկը շեշտում էր, որ իր համար մեծ պատիվ է հանդես գալ այսօր աշխարհի լավագույն թավջութակահարներից մեկի՝ Նարեկ Հախնազարյանի հետ:

Աշխարհի լավագույն բեմերում հանդես եկող Նարեկ Հախնազարյանն էլ ընդգծում էր. - «Այս համերգը շատ երկար սպասված համերգ է, որովհետև դեռ անցյալ տարվա ապրիլին պետք է կատարեինք հայկական պրեմիերան Էդվարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի, որը ես պատիվ ունեմ ասելու, որ ինձ է նվիրված, ինձ համար է գրված, և որի համաշխարհային պրեմիերան մենք կատարեցինք մի քանի տարի առաջ Համբուրգում։ Ցավոք, պանդեմիայի պատճառով հետաձգվեց այս պրոեկտը, բայց ես շատ ուրախ եմ, որ վերջապես այս պրեմիերան կիրականացնենք նաև մեր հայրենիքում»։

Նա ասաց, որ այս ամռան ընթացքում շատ զբաղված է. - «Ինձ համար դա շատ լավ է, որովհետև այս վերջին մեկ ու կես տարվա ընթացքում այդ զբաղվածությունը կարոտել էի։ Հիմա կամաց-կամաց ամեն ինչ բացվում է, հուսանք էլի չի փակվի նոր ինչ-որ շտամերի պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG