Մատչելիության հղումներ

Վերսկսվել են Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները


Մարալիկում վերսկսվել են Անի խոշորացված համայնքի հանրապետական ղեկավար, վերջերս ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին աջակցող Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։

Անիի մաս կազմող Մարալիկում դեռ 2018-ի հեղափոխությունից հետո էին մի խումբ քաղաքացիներ բողոքի տարբեր ակցիաներով պահանջում Գևորգյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով թալանի ու կոռուպցիայի մեջ։ Գևորգյանը, որ մի քանի քրեական, այդ թվում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու և յուրացման գործերով մեղադրյալ է, մեղադրանքները չի ընդունում և դրանք քաղաքական հետապնդում է որակում։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել։

Մարալիկցիները ի նշան բողոքի փակել, որոշ ժամանակ անց բացել էին համայնքապետարանի մուտքերը։ Ու թեև շենքը արդեն 1,5 տարի է բաց է, բայց Արտակ Գևորգյանն ու նրա աշխատակազմը չեն վերադառնում իրենց աշխատավայր։ Փոխարենը տեղափոխվել են երաժշտական դպրոցի շենք։

Համայնքը 17 տարի ղեկավարող Գևորգյանի հրաժարականը պահանջողներն այսօր համայնքապետարանի աշխատասենյակներում էին ցանկանում իրենց բողոքը հասցնել հասցեատերերին, բայց ոստիկանները թույլ չտվեցին:

Քանի որ համայնքի ղեկավարն արձակուրդում էր, պահանջները ներկայացրեցին տեղակալ Մարտիրոս Դարբինյանին։

«Մենք՝ էս սաղ ժողովուրդը հավաքվել ենք, ուղղակի կա խնդրանք աշխատակազմին ստեղից դուրս հանենք, մենք ձեր հետ խնդիր չունենք բացարձակապես, աշխատակազմը ստեղից դուրս կգա, եթե այս համայնքը ունի ղեկավար, այդ ղեկավարը նաև պատասխանատու է իր աշխատակազմի համար», - ներկայացրեց հավաքվածներից մեկը

Մարտիրոս Դարբինյանը որոշ ժամանակ անց վերադարձավ ու պատասխանեց ցուցարարների պահանջը կատարում են, թե ոչ. «Խորհրդակցեցինք, դուրս չեն գալիս»:

Հարցին՝ խոսեցի՞ն համայնքապետի հետ, Դարբինյանը պատասխանեց. «Անհասանելի է, չի պատասխանում»:

Մեր հեռախոսազանգերին ևս համայնքապետ Արտակ Գևորգյանը կա՛մ չէր պատասխանում, կա՛մ անհասանելի էր: Գևորգյանի հրաժարականի պահանջով ակցիաները կշարունակվեն, հաջորդիվ ցուցարարները կփակեն երաժշտական դպրոցի մուտքը, բայց միայն համայնքապետարանի աշխատակիցների առջև, նշում է ակցիա մասնակիցներից Դավիթ Մելքոնյանը:

«Երաժշտական դպրոցի աշխատանքները չեն խոչընդոտվում, երաժշտական դպրոցի ասները թող գան, իրենց դասն անեն, աշխատակիցները, որոնք երաժշտական դպրոցի աշխատակիցներ են, կարող են շատ հանգիստ աշխատել: Հակառակը՝ մենք օգնում ենք, որպեսզի կարողանա երաժշտական դպրոցը նորմալ իր աշխատանքները իրականացնի: Մենք իրենց նույնիսկ հորդորել ենք մեկ տարի առաջ, որ չի կարելի երաժշտական դպրոցում նման գործունեություն իրականացնել, մենք ձեզ հորդորում ենք տեղափոխվեք, համայնքապետարանը, ընդհանրապես այնտեղ կան այլ կառույցներ, որոնք աշխատում են նորմալ բաց, որևիցե մեկը չի էլ խոչընդոտում: Էլի իր կամակորություններից է, որ չէ, չեմ գնալու այնտեղ», - նշեց Մելքոնյանը:

17 տարի համայնքը ղեկավարած Արտակ Գևորգյանի պաշտոնավարման ժամկետը կլրանա հաջորդ տարի նոյեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG