Ադրբեջանը շարունակում է չընդունել, որ գերեվարված անձինք ռազմագերիներ են, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ տեղեկացնելով, որ առանձնազրույց է ունեցել Ստրասբուրգում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ։
Զոհրաբյանի խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը հստակ նշել է՝ գերեվարված անձանց վերադարձի մասին քննարկում հայկական կողմի հետ կարող է լինել միայն այն դեպքում, «եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բնականաբար Արցախի գրավյալ 75 տոկոսը ներառյալ»:
«Մենք տեսնում ենք Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է մեր ռազմագերիների դատավարությունը, որոնց առաջադրված են Ադրբեջանի քրեական օրենսգրքով ծանրագույն մեղադրանքները, ինչը նախատեսում է 14-ից 20 տարի և, որոշ դեպքերում, ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Մեր դիրքորոշումը հստակ է՝ Ադրբեջանի հանդեպ պետք է կիրառվեն կոնկրետ պատժամիջոցներ: Ես առաջարկում եմ այս խորհրդարանին, ես ինքս դիմել եմ միջազգային կառույցներին, բայց խորհրդարանի կողմից դիմումը շատ ավելի ազդեցիկ կլինի, կոչ անելու հստակ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ: Օրինակ՝ Եվրոպայի խորհրդում պետք է կասեցվի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունը»։
Զոհրաբյանը պնդեց՝ կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի և ընտանիքի բանկային հաշիվների վրա:
Ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց պատգամավորներին՝ միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային կառույցներին և նշել այն կոնկրետ պատժամիջոցները, որոնք պետք է կիրառվեն Ադրբեջանի հանդեպ։ «Այլապես մենք շատ երկար ենք սպասելու մեր տղաներին», - եզրափակեց Զոհրաբյանը։
Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ավելի քան 200 գերի։