Մատչելիության հղումներ

Ըստ դատախազության՝ բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, ավելի քան 6 միլիարդ դրամի չափով գումար


2020-ի ընթացքում Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ստացել է 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ, հայտնում է Գլխավոր դատախազությունը:

Ըստ հաղորդագրության՝ նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020-ի ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021-ին՝ 26 որոշում:

Ուսումնասիրությունների շրջանակում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և համայնքային կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղարկվել է շուրջ 2100 հարցում, ստացվել շուրջ 2000 պատասխան:

Դատախազությունը հայտնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են:

Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 դրամի չափով գումար, ասված է հաղորդագրությունում:

Դատախազությունը նշում է, որ վերոնշյալ 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG