«Մեծ քսանի» երկրների արտաքին գործերի նախարարները կորոնավիրուսի համավարակի ժամանակաշրջանում առաջին անգամ գագաթնաժողով են գումարել առկա ձևաչափով:
Իտալիայում՝ Մատերա ավանում մեկօրյա գագաթնաժողովի ընթացքում աշխարհի առաջատար 20 պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկում են առողջապահության, կլիմայի և միջազգային առևտրի հարցերը:
«2021-ը վճռորոշ տարի է այդ երեք բնագավառներում մեր համագործակցությունը վերականգնելու առումով: ՄԱԿ-ի նախաձեռնած կլիմայի խորհրդաժողովները թույլ են տալիս իրականացնել փարիզյան համաձայնությունները»,- ասել է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն:
Մի շարք երկրներ տեսակապով են մասնակցում գագաթնաժողովին, մի շարք երկրներ էլ փոխնախարարների մակարդակով են ներկայացված:
«Մեծ քսանի» պետությունների միացյալ արդյունաբերական արտադրանքը կազմում է աշխարհի ներքին համախառն արդյունքի ավելի քան 80 տոկոսը, «Մեծ քսանին» է պատկանում աշխարհի առևտրի 75 տոկոսը, «Մեծ քսանի» երկրներում ապրում է աշխարհի բնակչության 60 տոկոսը: