Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար


Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն:

Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում: Հանձնարարականի կատարումն, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը:

Անցած տարվա հուլիսին, օրինակ, երբ Եվրոպական խորհուրդը Վրաստանը ներառել էր «ապահով» երկրների ցանկում, եվրոպական մի շարք երկրներ որոշել էին բացել սահմանը Վրաստանի քաղաքացիների առաջ, Չեխիան, մինչդեռ, այդ հանձնարարականին չէր հետևել` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը սեփական երկրի ներսում:

Այս պահի դրությամբ ԵՄ «կանաչ գոտում» են 15 պետություն ու շրջան, այդ թվում` Միացյալ Նահանգները, Իսրայելը, Հարավային Կորեան և Սինգապուրը: Ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:

Ըստ դիվանագիտական աղբյուրների, այժմ ԵՄ նախագահությունը խորհուրդ է տալիս ցանկում ավելացնել ևս 10 պետություն, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Կոսովոն, որտեղ հակահամաճարակային իրավիճակը, ըստ եվրոպացի փորձագետների, բարելավվել է: Եթե առաջարկը հավանության արժանանա ԵՄ դեսպանների կողմից, այնուհետ հաստատվի նաև ԵՄ անդամ պետություններում, Հայաստանի քաղաքացիներից սահմանը հատելու համար կպահանջվի միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG