Մատչելիության հղումներ

Շվեդիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել


Այսօր հրաժարական է ներկայացրել Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը։

Շվեդական կառավարության ղեկավարն իր այս որոշման մասին հայտարարել է երկրում ծավալված ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, որը ծագել էր անցած շաբաթասկզբին իշխող կոալիցիայի փլուզումից հետո։

Լյովենի ղեկավարած Սոցիալ դեմոկրտական կուսակցության կրտսեր գործընկեր Ձախ կուսակցությունը որոշել էր դադարեցնել մասնակցությունը իշխող կոալիցիային այն բանից հետո, երբ Լյովենի կառավարությունն առաջարկել էր նորակառույց շենքերում բնակարանների վարձը սահմանելիս որպես հիմք ընդունել անշարժ գույքի շուկայական գները։

Ձախերի համոզմամբ, այդ նախաձեռնությունը ոտնահարում է սոցիալական հավասարության սկզբունքը։ Վարչապետի հրաժարականը նշանակում է, որ առաջիկա շաբաթներին շվեդական խորհրդարանի՝ Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենը պետք է բանակցություններ անցկացնի քաղաքական ուժերի հետ նոր կառավարության ձևավորման շուրջ։

Շվեդական օրենքների համաձայն, եթե խոսնակի՝ նոր կոալիցիա ձևավորելու և նոր վարչապետ առաջադրելու բոլոր չորս փորձերը անհաջողության մատնվեն, երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կնշանակվեն։

XS
SM
MD
LG