Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական կամերային երգչախումբը Ռավեննայի փառատոնում կկատարի Մանսուրյանի նոր ստեղծագործությունը


Տիգրան Մարսուրյանը (Ձ) և Ռոբերտ Մլքեյանը լրագրողների հետ հանդիպմանը

Հայաստանի պետական կամերային երգչախումբը հուլիսի սկզբին կմասնակցի իտալական հանրահայտ Ռավեննայի փառատոնին, որտեղ, ի թիվս այլ ստեղծագործությունների, Քերուբինիի նվագախմբի հետ կներկայացնի նաև Տիգրան Մանսուրյանի հատուկ այս փառատոնի համար գրված ստեղծագործությունը: Համերգը կղեկավարի իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին:

Փառատոնն այս տարի նվիրված է Վերածննդի իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգիերիի մահվան 700-ամյա տարելիցին, և ահա Ռավեննայի փառատոնի կազմակերպիչները վճռել են երեք տարբեր կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործություն պատվիրել՝ ներկայացնելու Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը շեշտեց, որ սա հայ-իտալական աննախադեպ երաժշտական համագործակցություն է, քանի-որ դասական մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ կներկայացնեն նաև Մանսուրյանի նոր գրված «Բուրգատորիո» ստեղծագործությունը։

Իսկ Ռավեննայի փառատոնի մասին Մլքեյանն ասաց. – «Շատ բարձր որակի երաժշտական մի միջոցառում է։ Մենք ստացել ենք հրավեր Ռավեննայի փառատոնում երգելու մի շարք ստեղծագործություններ դասականներից, և ունենք աշնանը նույնպես երկրորդ հրավերը էդ նույն փառատոնից։ Մեր երգչախմբի հետ համատեղ և մեր բարիտոն Գուրգեն Բավեյանի հետ համատեղ աշխատելու է և դիրիժորական վահանակի մոտ է լինելու աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին։ դա լինելու է և' հիմա որ մենք մեկնում ենք Ռավեննա, հետո նույն կազմով, այսինքն Ռիկարդո Մուտին՝ իր սիմֆոնիկ նվագախմբով հանդերձ, մեր հետ միասին վերադառնում է Երևան։ Երևանում առաջին անգամ պրեմիերա ենք անում Տիգրան Մանսուրյանի «Բուրգատորիոն», նորից դիրիժորական վահանակի մոտ է լինելու Ռիկարդո Մուտին։ /եվ Տիգրան Մանսուրյանի հրաշագեղ գործի հետ միասին նորից կհնչեն Հայաստանում Մոցարտի, Հայդնի և Շուբերտի ստեղծագործությունները։

Մաեստրո Տիգրան Մանսուրյանն ասաց, որ հայ-իտալական այս հրաշալի նախաձեռնության համար երախտիքի խոսք պետք է ասել Վենետիկի հայկական մշակութային կենտրոնը երկար տարիներ ղեկավարող Մինաս Լուռյանին, որի շնորհիվ է հնարավորություն ստեղծվել նման առաջարկ ստանալու. – «Հայտնի է, աշխարհահռչակ մեծագույն իտալացի մտածողի, պոետի գործը երեք մասից է՝ Դրախտ, Քավարան, Դժոխք: Եվ հեղինակներից երեքը ընտրվել էին Ռավեննա փառատոնի ղեկավարության կողմից, ամեն մեկին տրվել էր այս մասերից մեկը։ Ինձ առաջարկվել է Քավարանը, ես գրել եմ Քավարանը։ Պետք է ասեմ, որ այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարել պարոն Մասոտին, որի հետ մենք հին բարեկամներ ենք։ Մեծապես օգնել է այս աշխատանքի կայացմանը Մինաս Լուռյանը, որ ղեկավարում է հայ մշակութային կենտրոններից մեկը Իտալիայում։ Իմ օգնությունը տարբեր կողմերից է եղել, բայց հիմնականը, որոշողը եղավ մաեստրո Մուտիի ցանկությունը այս գործը հնչեցնել թե' Երևանում, թե' Իտալիայում։ Ահավասիկ, սա գալիս է ևս մեկ անգամ նշելու մեր միջազգային հարաբերությունների մակարդակի վրա համագործակցելու առիթը։ Մանավանդ որ երգչախումբը այս ձևով հնարավություն է ստանում երգելու Ռիկարդո Մուտիի՝ մեծագույն վարպետի ղեկավարության ներքո։ Որը մեզ հույս է ներշնչում, որ այս համագործակցությունը կարող է ունենալ նաև իր շարունակությունը, որի համար մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեզ ոչ միայն գեղարվեստական մակարդակ ապահովենք, այլ նաև հեռու լինենք բոլոր տեսակի խանգարող հանգամանքներից, և մարդկանցից նաև»։

Հավելենք նաև, որ, ինչպես նշում է Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը, Ռավեննայի փառատոնին երգչախմբի մասնակցության ծախսերն ամբողջովին հոգացել են փառատոնի կազմակերպիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG