Մատչելիության հղումներ

Ռուսաստանում COVID-19-ի երրորդ ալիքը կտրուկ տարածվում է


Ռուսաստան - Բուժաշխատողներ մոսկովյան հիվանդանոցներից մեկում, հունիս, 2021թ.

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքը կտրուկ տարածվում է, մի շարք մարզեր և մեծ քաղաքներ արդեն հայտարարել են լուրջ սահմանափակումների մասին, մի շարք մարզերում չեն բացառում, որ արդեն առաջիկա օրերին ստիպված կլինեն ամբողջովին լոքդաուն հայտարարել, քանի որ տարածման տեմպերը չեն կարողանում վերահսկել:

Սա լուրջ խնդիր է Ռուսաստանի իշխանությունների համար, հատկապես նախընտրական այս շրջանում, երբ սեպտեմբերին անցնելու են Պետդումայի ընտրությունները, իսկ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության վարկանիշն առանց այդ էլ բավականին ցածր է բոլոր հարցումների համաձայն։

Սահմանափակումները, որ ստիպված հայտարարում են տարբեր քաղաքների և մարզերի ղեկավարները, միանշանակ չեն ընդունվում ռուսաստանցիների կողմից։

Այսպես, Մոսկվայում գործատուներին պարտավորեցրել են աշխատանքից հեռացնել պատվաստումից հրաժարվողներին: Ընդ որում, մոսկովյան կազմակերպությունների աշխատակիցները, որոնց աշխատանքից կազատեն COVID-19-ից պատվաստման բացակայության պատճառով, աշխատավարձ չեն ստանա այն ժամանակահատվածի համար, քանի դեռ չեն աշխատում: Այս մասին հայտնել են Ռուսաստանի մայրաքաղաքում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի Մոսկվայի վարչությունը հայտարարում է, որ այս քայլերն օրինական են:

Հունիսի սկզբին Ռուսաստանում սկսվել է նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդացածների թվի կտրուկ աճ։ Դա տեղի է ունեցել երկրում պատվաստվածների ցածր թվի ֆոնին։ Հունիսի 16-ին Մոսկվայի իշխանությունները, իսկ հետո նաև ռուսական մի շարք այլ շրջաններում հայտարարել են ծառայությունների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտի աշխատողների 60 տոկոսի պարտադիր պատվաստման մասին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, այդ թվում՝ հեռավար աշխատող:

Բժշկական միջամտությունը, այդ թվում՝ պատվաստումը, ռուսաստանյան օրենքներով կամավոր է: Իրավաբանները նշում են, որ պարտադիր պատվաստման պահանջն անօրինական է։ Կրեմլը հայտարարում է, որ դեմ է պարտադիր իմունիզացիային, սակայն միաժամանակ աջակցում է տարածաշրջանային իշխանությունների գործողություններին։ Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է, որ չպատվաստվածների նկատմամբ խտրականությունն անխուսափելի է:

Համացանցում ակտիվ տարածվում է տեղեկություն այն մասին, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կարելի է պատվաստման մասին կեղծ վկայական գնել։ Սա, սակայն, խնդրի միայն մի մասն է։ Ռուսաստանի իշխանությունների համար իսկական գլխացավանք կարող է դառնալ նաև պարտադիր լոքդաունը, եթե իրավիճակը շարունակի այսպես զարգանալ։ «Երկրորդ անգամ, եթե նորից փակվեն բոլոր ռեստորաններն ու սրճարանները, մենք չեն վերականգնվի», - ասում են ռուսաստանցի գործարարները:

Մինչդեռ լուրջ սահմանափակումներ կսկսեն գործել արդեն եկող շաբաթ՝ հունիսի 28-ից։ Հակաճգնաժամային միջոցառումներն ուժեղացնում են Մոսկվան ու Մոսկվայի մարզը։ Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովի որոշմամբ՝ այսօրվանից սահմանափակումներ են գործում ֆուդքորթներ և ամառային սրճարաններ այցելելու համար, իսկ հունիսի 28-ից փակվում են հասարակական սննդի բոլոր ձեռնարկությունները՝ բացառությամբ առաքման ծառայության։ Բացի այդ, հունիսի 24-ից Մերձմոսկվայում դադարելու են աշխատել բոլոր ատրակցիոնները, մանկական սենյակները, կենդանաբանական այգիները, մարզահրապարակները: Մոսկովյան ամառային սրճարաններն ու Մերձմոսկովյան հյուրանոցները կընդունեն միայն պատվաստման կամ բացասական թեստի վկայագրով հյուրերի:

Սա լուրջ հարված է թե՛ ռեստորանային, թե՛ ներքին տուրիզմի ոլորտներին և բողոքի նոր ալիքի պատճառ՝ շարքային ռուսաստանցիների համար, որոնք սեպտեմբերին գնալու են ընտրությունների, ահազանգում են վերլուծաբանները։

Ռուսաստանում մինչ օրս պատվաստվել է բնակչության միայն 10-12 տոկոսը` այն դեպքում, երբ իշխանությունները հայտարարել էին, որ ռուսական Sputnik V-ն աշխարհում առաջին պատվաստանյութն է։
Գրեթե փակ է եվրոպական երկրների մեծ մասը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար։ Ֆրանսիայի կառավարությունը երեկ Ռուսաստանն ավելացրել է կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Սա նշանակում է, որ Ֆրանսիա ժամանելուն պես ռուսաստանցիները ստիպված են լինելու երկու շաբաթ անցկացնել կարանտինի ռեժիմում:
Ռուսաստանի իշխանությունները, այդուհանդերձ, թույլատրել են թռիչքներ դեպի Թուրքիա հունիսի 22-ից։ Իսկ ռուսաստանցիների համար, հիշեցնենք, թուրքական ծովափնյա հոթելներն ամենասիրված հանգստի վայրերից են։

Վիրուսաբան Սերգեյ Ուտյոսովը համարում է, որ կորոնավիրուսի համավարակի այս նոր ալիքի պատճառները մի քանիսն են: Նախ՝ մարդիկ դադարել են հետևել հակահամաճարակային սահմանափակումներին, և Ռուսաստան է թափանցել նոր, հնդկական «Դելտա» շտամը, իսկ հիմնական պատճառը պատվաստման միջոցառումների տապալումն է ըստ էության, քանի որ արևմտյան երկրների համեմատ ռուսաստանցիների շատ քիչ տոկոսն է պատվաստվել` ընդամենը 12-13 տոկոսը։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, պատվաստվել է բնակչության շուրջ 60 տոկոսը, ասում է վիրուսաբանը:

XS
SM
MD
LG