Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում հնարավոր է Արցախում այլևս ընտրություններ չանցկացվեն. քաղաքագետ


Արցախի նախագահի հրաժարականի պահանջոց ցույցը Ստեփանակերտեւմ.
Արցախի նախագահի հրաժարականի պահանջոց ցույցը Ստեփանակերտեւմ.

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ հրավիրված հանրահավաքի ընթացքում վերահաստատել է, որ պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում հրաժարական տալ։ Միևնույն ժամանակ Հարությունյանը հստակեցրել է՝ լիազորությունները վայր կդնի, երբ առաջիկա օրերին իր նախաձեռնությամբ հրավիրվելիք քաղաքական ու հանրային խորհրդակցությունները հաստատեն, որ Արցախը պատրաստ է հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների «ծանր դժվարությունները»։

Նա հայտարարում է, որ չի առաջադրվի այդ ընտրություններն և դուրս կգա քաղաքականությունից. - «Հիմարություն կլինի կարծել, թե ես որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից։ Ամենևին ոչ։ Ես պարզապես ինձ պատասխանատու եմ զգում մեր ժողովրդի ու հաջորդ սերունդների առջև։ Այնքան պատախանատու, որ հանկարծ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»։

Հետպատերազմական շրջանում Արցախի նախագահի հրաժարական, ըստ քաղաքագետ Արեգ Քոչինյանի, կնշանակի նոր ու ավելի բարդ ճգնաժամ։ Քաղաքագետն այդ առումով վտանգ է տեսնում՝ հրաժարականից հետո հնարավոր է Արցախում այլևս ընտրություններ չանցկացվեն, քանի որ այնտեղ հիմա որոշիչ ձայնը ռուսական կողմինն է. – «Հիմա քանի որ Արցախի անվտանգությունը այս պահի դրությամբ ապահովում է ոչ թե Հայաստանը, այլ Ռուսաստանի Դաշնությունը իր խաղաղարար կոնտինգենտով, ես չեմ բացառում, որ ռուսական կողմը որոշում կայացնի, թե կարիք չկա այլևս Արցախում նախագահական ընտրություններ անցկացնելու։ Քանի որ մենք որևէ կերպ վերահսկողություն և որևէ կերպ հաշվետվողականություն չունենք նշված սուբյեկտի նկատմամբ, և նշված սուբյեկտն էլ մեր նկատմամբ որևէ հաշվետվողականություն չունի, շատ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն նրա հաջորդ գործողությունները»։

Քաղաքագետը Արցախի նախագահի հրաժարականի պահանջը մտացածին, կեղծ օրակարգ է համարում. – «Որովհետև էն ճգնաժամը, որում հայկական կողմը հայտնվել էր պատերազմից հետո, էդ ճգնաժամի լուծումն էլ, էդ ճգնաժամի կանխարգելումն էլ, էդ ճգնաժամի հետ կապված բոլոր հարցերի լուծումներն էլ գտնվում են Երևանում և ոչ Ստեփանակերտում։ Ուստի Ստեփանակերտում որոշակի փոփոխություններ կատարելու տրամաբանությունը, մանավանդ եթե Երևանում եղել են ընտրություններ և գործող իշխանությունը պահպանել է իրենց զբաղեցրած դիրքերը, ես համարում եմ աբսուրդ»։

Արեգ Քոչինյանը չի բացառում, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջն օրակարգ բերելով՝ որոշ ուժեր Արցախում փորձում են ապակայունացնել իրավիճակը. – «Ես չեմ բացառում, որ դրանք նույն ուժերն են, որոնք որ Հայաստանում փորձում էին էս ընտրությունների ընթացքում իշխանություն վերցնել, դա իրենց մոտ չստացվեց, ժողովուրդը չտվեց իրենց էդ մանդատը։ Եվ հիմա էդ նույն ուժերը փորձում են ապակայունացնել իրավիճակը Արցախում»։

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ էր ընտրվել 2020-ի գարնանը։ Սահամադրության համաձայն, նա գործադիր իշխանության ղեկավարն է։ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2024-ին։ Իսկ ի՞նչ կլինի նախագահական ժամկետի ավարտից հետո։ Քաղաքագետը վստահություն ունի՝ հնարավոր է մինչ այդ իրավիճակ փոխվի՝ ներքին մարտահրավերները չեզոքացվեն, և առկա խոչընդոտների մեծ մասն այլևս չլինի. – «Մինչև նախագահական ժամկետի ավարտը դեռևս բավարար ժամանակ կա, որպեսզի ինչ-որ ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծվեն այդ խնդրի բացառման համար։ Դեռ ժամանակ կա որոշակի ներքին կայունություն հաստատել և արտաքին մարտահրավերներին չեզոքացնող որոշակի լուծումներ գտնել, զինված ուժերը կարգի բերել»։

Արայիկ Հարությունյանը դեռ դեկտեմբերին էր հայտատարել, որ պատրաստ է հրաժարական տալ։ Պաշտոնը թողնելու իր պատրաստակամության մասին Արցախի նախագահը կրկին խոսեց Ստեփանակերտում այդ պահանջով նախօրեին հրավիրված հանրահավաքից հետո։ Արցախի մի խումբ քաղաքացիների վրդովեցրել է, որ Հարությանն ընտրությունների օրը Հայաստանում «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ էր այցելել։

Արցախի նախագահը ելույթում ընդգծեց՝ Հայաստանի ու Արցախի առաջին դեմքերը պարտավոր են նորմալ հարաբերություններ պահպանել՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր ու ինչ ուժեր են իշխանության. – «Ինչպե՞ս եք պատկերացնում առանց Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության, ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35 հազար քաղաքացու սոցիալական խնդիրները»։

Հարությունն ասում է՝ լիովին սխալ է մեկնաբանվել իր այցը «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակ, քանի որ ինքը հանդիպումներ է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի, Սամվել Բաբայանի և ընտրություններին մասնակցած այլ ուժերի ներկայացուցիչների հետ։

Արայիկ Հարությունյանը հանրահավաքի ընթացքում երեկ, սակայն, միայն իր հրաժարականին չէ, որ անդրադարձել է՝ պատերազմ, պատերազմի հետաևանքներ ու մարտահրավերներ։ Հայտարարեց՝ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն է՝ ռուս խաղաղպահները պետք է անհրաժեշտ երկար ժամանակով մնան Արցախում։ Ըստ Հարությունյանի՝ իրենք նաև քայլեր են իրականացնում զինված ուժերի բարեփոխման ու ամրապնդման ուղղությամբ։

XS
SM
MD
LG