Մատչելիության հղումներ

Մադրիդը ներում է շնորհել Կատալոնիայի բանտարկված անջատականներին


Իսպանիայի ամբողջականության հազարավոր աջակիցներ բողոքի ցույցերով են արձագանքել անջատականներին ներում շնորհելու առաջարկին, Մադրիդ
Իսպանիայի ամբողջականության հազարավոր աջակիցներ բողոքի ցույցերով են արձագանքել անջատականներին ներում շնորհելու առաջարկին, Մադրիդ

Կատալոնիայի անկախության գաղափարի ջատագովները պնդում են, որ շարունակելու են պայքարը:

Իսպանիայի կենտրոնական կառավարությունը ներում է շնորհել Կատալոնիայի անջատական լիդերներին, ովքեր այսօր դուրս գալով բանտից՝ հայտարարել են, որ շարունակելու են պայքարը երկրամասի անկախության համար:

Նրանք տարբեր պատժաչափերի են դատապարտվել 2017 թվականին անկախության հանրաքվե անցկացնելու և զանգվածային ակցիաներ կազմակերպելու համար:

«Չկա ներում, որով հնարավոր է լռեցնել Կատալոնիայի ժողովրդին, նրանք այսօր չեն կարողացել մեզ լռեցնել, այսօր մենք պարզ ճակատով դուրս ենք գալիս և կանգնում ձեր առջև, ինչպես դա արել ենք անցած տասը տարիներին: Նրանք մեզ երբեք չեն լռեցնի, և մենք երբեք չենք լռի», - ասել է անկախության շարժման ակտիվիստ, Կատալոնիայի մշակութային կենտրոնի նախկին նախագահ Ժորդի Կուիխարտը:

Բանտից դուրս եկած ակտիվիստները պարզել են «Ազատություն Կատալոնիային» գրությամբ պաստառը: 2019 թվականին Կատալոնացի ինը քաղաքական առաջնորդներ դատապարտվել են 9-ից 13 տարվա ազատազրկման անջատական գործունեության և անկախության ապօրինի հանրաքվե կազմակերպելու համար:

Մադրիդը պնդում է, որ Կատալոնիան չի ունեցել անկախության հանրաքվե անցկացնելու իրավունք, քանի որ այն հակասում է երկրի սահմանադրությանը:

Ընդհանուր հաշվով ամնիստիան վերաբերվում է մոտ 3 հազար քաղաքացիների, այդ թվում՝ Իսպանիայից փախուստի դիմած Կատալոնիայի նախկին լիդեր Կարլես Պուջդեմոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG