Մատչելիության հղումներ

Պետությունների ղեկավարները, հոգևոր առաջնորդները շնորհավորում են Հայաստանի նախագահի ծննդյան տարեդարձը


Նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություն պետական գործունեության մեջ», - նշել է Վլադիմիր Պուտինն ուղերձում։

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ղազախստանի առաջին և գործող նախագահներ Նուրսուլթան Նազարբաևը, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում: Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ բարձր է գնահատել Արմեն Սարգսյանի ավանդը Հայաստանի միջազգային դիրքերի ամրապնդման և հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում՝ համոզմունք հայտնելով, որ բարձր մակարդակով կառուցողական երկխոսությունը շարունակելը հետագայում ևս կնպաստի հայ-ղազախական համագործակցության ընդլայնմանն ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: «Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը: Վստահ եմ՝ Ձեր առաջիկա պետական այցը Իտալիա կարևոր առիթ կհանդիսանա մեր՝ միասին գրանցած արդյունքների և երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու հնարավորությունների մասին մտածելու համար», - մասնավորապես ասված է Իտալիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էլ, շնորհավորելով Արմեն Սարգսյանին, ընդգծել է՝ Հայաստանն իրենց համար ավանդական բարեկամական երկրներից է: «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների», - մասնավորապես ասված է Սի Ծինփինի ուղերձում:

Հայաստանի նախագահին շնորհավորել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք, Նորին սրբություն Կիրիլն՝ ընդգծելով Արմեն Սարգսյանի ներդրումը հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի: «Գնահատելի է, որ Դուք զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը», - ասել է Համայն Ռուսիո Պատրիարքը:

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր դառնում է 68 տարեկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG