Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարն և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն է, ողջ տարվա ընթացքում հանդես է գալիս բազմաթիվ համերգներով՝ իրականացնելով նաև յուրահատուկ համերգային ծրագրեր, որոնցից մեկն էլ «Ճանապարհ տաղանդներին» ծրագիրն է։
Այս երեկո ծրագրի շրջանակներում նախատեսված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը՝ պատանի, դպրոցահասակ տաղանդաշատ երաժիշտների մասնակցությամբ: Սովորաբար այս ծրագրին մասնակցում են տարբեր երաժշտական դպրոցների շնորհաշատ սաներ, բայց այսօրվա համերգին որպես մենակատարներ հիմնականում մասնակցելու են Երևանի Սայաթ-Նովայի անվան և ևս երկու դպրոցների սաները՝ թավջութակահարներ Միքայել Ոսկանյանը, Նարեկ Հեքեքյանը, Լիանա Ուլիխանյանը, դաշնակահար Մարի Դանիելյանը ֆլեյտահար Մերի Տեր-Ղուկասյանը և այլք: Ծրագրում կհնչեն Բախի, Հայդնի, Վիվալդիի, Սեն-Սանսի և համաշխարհային այլ մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգն այս երեկո կղեկավարի անվանի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով կայանալիք համերգին՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Ֆելիքս Բաբուրյանն ասաց. - «Ծրագիրը թողել ենք երեխաների հայեցողությանը, իրենք են ընտրել այն ստեղծագործությունները, որ կատարվելու են։ Մենք մի փոքր ուղղորդում արել ենք իհարկե և' ծրագրային առումով, և' տևողության մասով, բայց որոշումը եղել է երեխաներինը և իրենց դասատուներինը։ Բավական մեծ ծրագիր է ստացվել այսօր, կարծում եմ, երևի թե երկու ժամ կտևի համերգը։ Երկար ծրագիր է, բայց երեխաներին չէինք կարող մերժել։ Ոչ մի գործ չենք կրճատել, չենք մերժել, թողել են էնպես, ինչպես իրենք են ուզել»։
Հարցին, թե ինչ չափանիշներով է կատարվել երեխաների ընտրությունը, Բաբուրյանը պատասխանեց. – «Երեխաներից մի քանիսը ընտրվել են, որովհետև նախկինում ցանկություն է եղել իրենց հետ համերգ անելու, ու որոշեցինք այսպես համախմբել բոլոր երեխաներին, ում խոստացել էինք կամ իրենք էին խնդրել, որ այս ծրագրին մասնակցեն. Մի համերգում հնարավոր չի լինի բոլոր երեխաներին ներառել, քանի որ բավական տաղանդավոր երեխաներ ունենք երաժշտական դպրոցներում, ու բոլորին միաժամանակ համատեղել մի համերգում չի ստացվի։ Դրա համար մենք տարվա ընթացքում մի քանի համերգ ենք փորձում կազմակերպել, որ շատերին ներառենք էդ ծրագրում»։
Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրենը համոզված է, որ դեռ տարիներ առաջ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի կողմից հիմնադրված «Ճանապարհ տաղանդներին» ծրագիրը երաժշտական դպրոցների սաներից շատերի համար է շատ օգտավետ եղել և իրենք այս տարիների ընթացքում փորձում են ծրագրի միջոցով մի քանի նպատակ իրականացնել. – «Առաջինը այն է, որ մեր հանդիսատեսին ցույց տանք, թե ինչ տաղանդավոր երեխաներ կան մեզանում, էդ երեխաներին հնարավորություն տալ պրոֆեսիոնալ նվագախմբի հետ հանդես գալու։ Մի տեսակ քննության նման են նաև էս համերգները, որովհետև երեխաներից շատերը կան, որ մասնակցում են միջազգային փառատոների, մրցույթների, և ոնց որ ստուգատես լինի իրենց համար։ Իրենց համար շատ մեծ փորձ է սա՝ դիրիժորի հետ աշխատանքը, պրոֆեսիոնալ նվագախմբի հետ աշխատանքը։ Եվ դրանով մենք հնարավորության սահմաններում փորձում ենք օգնել, աջակցել էս երեխաներին, որպեսզի կարողանան պատշաճ ձևով դրսում ներկայացնել Հայաստանը։ Եթե էս տարիքից մենք չաջակցենք երեխաներին, հետո ավելի դժվար կլինի իրենց համար ճանապարհ հարթել։ Դրա համար փորձում են հնարավորինս փոքր տարիքից հնարավորություն ընձեռել պրոֆեսիոնալ երաժիշտների հետ աշխատելու։ Որ ճանապարհից չշեղվեն, չմտածեն, որ փորձը քիչ է, ժամանակը քիչ է, հնարավորությունները քիչ են. Ու բացի այդ էլ, միանգամից չմտածեն միայն դուրս գնալու մասին, հասկանան, որ այստեղ էլ են իրենք պետք, այստեղ էլ են իրենք գնահատված»։