Մատչելիության հղումներ

Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի և «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի հետ:

Վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ Շիրինյանի հետ հանդիպմանը Փաշինյանը նշել է. «Այսօր կուզենայի լսել ձեր տեսակետները ներքաղաքական կյանքի հետագա ընթացքի մասին: Կուզենայի նաև իմանալ՝ ինչ եք մտածում ընդհանրապես արտախորհրդարանական ուժերի և կառավարության հարաբերությունների հնարավոր հարթակների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք փոխադարձաբար ավելի լսելի լինել իրար համար»:

Լևոն Շիրիրնյանն իր հերթին ընդգծել է՝ կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը:

«Վերջին հաշվով, գրոհը կասեցվեց: Դա շատ կարևոր է, իմ գնահատականով, որտեղ մենք ունեցանք շատ էական դերակատարություն: Կարող եմ ասել, որ դաշինքն աշխատեց բացառիկ արդյունավետությամբ: Կարևոր էր հեղափոխության շարունակությունը, պետության կայունությունը և անկախության ամրապնդումը: Հիմա այսպես տեսակետները շատ եմ շարադրել, կշարունակեմ: Մենք այստեղ որևէ խնդիր չունենք, կլինենք ձեր կառավարության կողքին», - նշել է Շիրինյանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Սահակյանը վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում ասել է. «Շատ կարևոր հարց եք բարձրացնում: 2-3 տարի շարունակ արտախորհրդարանական ընդդիմության ձայնը, ըստ էության, լսելի չի եղել: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այս արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, և պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան»:

Զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG