Մատչելիության հղումներ

Էրդողանը Արևմուտքին, Մինսկի խմբին հրավիրում է պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքներ


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Թուրքիայի կառավարության նիստից հետո խոսել է Ադրբեջան կատարած իր այցի մասին և Արևմուտքին, Մինսկի խմբին հրավիրել անցած տարվա պատերազմի հետևանքով Ադրբեջանին անցած տարածքներ։ Թուրքիան, հիշեցնեմ, Մինսկի խմբի անդամ է։

Էրդողանը հերթական անգամ հայտատարել է, թե երեսուն տարվա ընթացքում հայերն այդ տարածքը ավերել և այրել են. - «30 տարի տևած օկուպացիայի ընթացքում Ղարաբաղում և այլ օկուպացված ադրբեջանական հողերում ոչ թե ոչ մի մեխ չի խփվել, այլ գոյություն ունեցող ժառանգությունն է դաժան ոչնչացվել։ Մենք տեսանք, թե ինչպես է ամբողջ ավերվել ու այրվել»:

Թուրքիայի նախագահը իհարկե չի հիշատակել, որ պատերազմից հետո Ադրբեջանը իրեն անցած տարածքներում ակտիվորեն ոչնչացնում է հայկական ժառանգությունը, նույնիսկ խաչեր է հանում հայկական եկեղեցիների գմբեթներից:

Հայկական կողմը հայկական ժառանգության վտանգված լինելու հարցը պարբերաբար բարձրացնում է տարբեր միջազգային ատյաններում: Այսօր Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե Ադրբեջանը և UNESCO-ն քննարկում են Աղդամի և Ֆիզուլիի շրջաններ և Շուշի քաղաք կազմակերպության առաքելության այցերի կազմակերպման հարցերը։

UNESCO-ի ներկայացուցիչները հետպատերազմյան շրջանում այս տարածքներ դեռ չի այցելել, իսկ ադրբեջանական կողմի հետ քննարկումները անցել են տեսակապի միջոցով։

Թուրքիայի նախագահը, ում գործուն և վճռական աջակցության շնորհիվ Ադրբեջանը հաղթել էր քառասունչորսօրյա պատերազմում, երեկ իհարկե չի խոսել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման մասին:

Փոխարենը Էրդողանը տարածաշրջան է կանչում Մինսկի խմբին, Արևմուտքին, որ նրանք տեսնեն, թե ինչ վիճակում են Ադրբեջանին անցել տարածքները. – «Եկեք, խնդրեմ, տեսեք Ղարաբաղը: Մինսկի խումբը պետք է կրկին ու կրկին այցելի այդ վայրերը։ Նայեք, թե ով և ինչ է արել 30 տարվա ընթացքում»։

Նա նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով նոր փուլ է սկսվել Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում, և որ շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը շատ համաձայնագրեր կստորագրեն այդ հռչակագրի շրջանակներում. – «Կարճ ժամանակում մենք վճռականորեն կիրականացնեն մեր օրակարգի յուրաքանչյուր կետ` Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության բացումից մինչև Զանգեզուրի միջանցքի գործարկումը։ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք անցկացնելու ենք մեր երկրում առաջիկա ամիսներին, մենք նախատեսում ենք շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ հարցերի հետ կապված»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG