Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքը վիճահարույց է համարում և չի շտապում ընդունել ընտրությունների հրապարակվող արդյունքները


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի հանրահավաքի ժամանակ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի հանրահավաքի ժամանակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները վիճահարույց է համարում:

Հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում, ասված է դաշինքի կողմից հրապարակված հայտարարությունում:

«Դրանք ծայրահեղ հակասության մեջ են մտնում հանրային կյանքի տարբեր դրսևորումների հետ, որոնց ականատեսն ենք եղել անցած 8 ամիսների ընթացքում, հանրային կարծիքի ուսումնասիրության բոլոր արդյունքների հետ՝ այդ թվում միջազգային, վերջապես՝ պարզ բանականության հետ», - հայտարարում է «Հայաստան» դաշինքը՝ շարունակելով. - «Քարոզարշավի ընթացքում ընդդիմադիր ուժերի խիստ բազմամարդ հավաքները և իշխանության ակնհայտ սակավամարդ միջոցառումները, երկրում առկա վստահության ճգնաժամը մատնացույց էին անում լրիվ այլ հանրային տրամադրությունների առկայությունը: Վստահության պակասի լրջագույն հիմք են հանդիսանում բուն ընտրության օրը տարբեր տեղամասերից եկող հարյուրավոր ահազանգերը, որոնք վկայում են ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին»:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Հայաստան» դաշինքը «խնդիր է դնում արձանագրված և ենթադրվող խախտումների խորը և փաստարկված ուսումնասիրության», ինչին ձեռնամուխ է լինում անմիջապես:

«Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», - ասված է հայտարարությունում:

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ բոլոր 2008 ընտրատեղամասերում ամփոփված նախնական արդյունքներով, որ հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեների 53,92 տոկոսով հաղթել է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը 21,04 տոկոսով երկրորդն է, երրորդը Հանրապետական ու Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքն է՝ 5,23 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG