Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն դատապարտում է փախստականների խնդիրները քաղաքական ճնշման գործիք դարձնելը


Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նոր մարտահրավերների ի հայտ գալով, ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Արցախյան պատերազմի արդյունքում իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել մոտ 90 հազար մարդ, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին: Տեղահանվածների զգալի մասը, ըստ ԱԳՆ-ի, մասնավորապես` Շուշիից և Հադրութի շրջանից է և այսօր չի կարող վերադառնալ հայրենի բնակավայրեր, քանի որ դրանք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է` չի իրականացվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:

«Դեռևս չեն վերականգնվել արցախահայության իրավունքները և, առաջին հերթին, իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի ապահովումը և համապատասխան պայմանների ստեղծումը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքների դեօկուպացիայի միջոցով: Քաղաքականացնելով տուժած ազգաբնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրը՝ Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային կառույցների և, մասնավորապես, միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքն Արցախ: Արդյունքում` ստեղծվել է աննախադեպ հումանիտար իրավիճակ, երբ ռազմական գործողությունների ավարտից ավելի քան յոթ ամիս հետո Արցախում գտնվող ներքին տեղահանվածները զրկված են համապարփակ միջազգային մարդասիրական պաշտպանությունից», - հայտարարում է Արտգործնախարարությունը` ընդգծելով` դատապարտելի է փախստականների խնդիրների շահարկումը և դրանք քաղաքական ճնշման գործիք դարձնելու ամոթալի գործելակերպը:

Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG