Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի մեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով


Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ի առավոտյան Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի ավտոմեքենան հայտնաբերվել է դիմապակու վրա կրակոցի հետքերով:

Տեղեկացնելով այս մասին՝ Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը «վրդովմունքով դատապարտում է այս եղկելի ոտնձգությունը քաղաքական պայքարում, այն գնահատում որպես հասարակության զգալի շերտերի համակրանքը վայելող դաշինքի ու նրա ղեկավարների, ժողովրդավարական ընտրական գործընթացի դեմ ուղղված հանցագործություն»:

Դաշինքն իր հայտարարությունում պահանջում է իրավապահ մարմիններից ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել կատարողին կամ կատարողներին և պատժել օրենքի ողջ խստությամբ:

«Հասարակությանը հորդորում ենք չահաբեկվել նման ստորագույն ու ճղճիմ քայլերից՝ Հայաստանի ժողովրդավարության թշնամիների հետապնդած նպատակը վախի մթնոլորտի ձևավորումն է, ինչը թույլ չենք տալու միասնաբար՝ անկաշկանդ կատարելով քվեարկություն հանուն Հայաստանի հեռանկարի և կանխելով գողապետական բարքերի վերադարձը», - ասված է հայտարարությունում:

Արման Բաբաջանյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասներ փոխանցեց. - «Մեքենան տան դիմաց կանգնած է եղել, ես տանն եմ եղել, ըստ ամենայնի՝ առավոտյան է եղել դեպքը: Ես ոչ ձայն եմ լսել, ոչ էլ: Դուրս ենք եկել տնից, որ գնանք շտաբ, մեքենան տեղափոխելու պահին հայտնաբերել է վարորդը, որ կրակել են մեքենայի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG