2015 թվականին` դեռ երջանկահիշատակ Գեղամ Գրիգորյանի ղեկավարության օրոք, հենց իր իսկ առաջարկով և օպերային թատրոնում այն ժամանակ թատրոնի փոխտնօրեն և գլխավոր պրոդյուսեր Լևոն Ջավադյանի ղեկավարությամբ, հիմնադրվեց Երիտասարդական օպերային ծրագիրը, որի մենակատարներն արդեն իսկ հանդես են եկել բազմաթիվ համերգներով: Եվ ահա այսօր էլ Առնո Բաբաջանյան համերգասրահում նրանք մեր երաժշտասերներին կներկայացնեն գերմանական երաժշտության երեկո, որի ընթացքում կհնչեն գերմանացի մեծագույն կոմպոզիտորների՝ Վագների, Շուբերտի Բրամսի, Մալերի և այլոց ստեղծագործությունները՝ երիտասարդ, տաղանդաշատ արտիստների՝ Սիլվա Պետրոսյանի (սոպրանո), Էլեն Եղիազարյանի (սոպրանո), Տիգրան Հակոբյանի (տենոր), Նավասարդ Հակոբյանի (բարիտոն) և մեցցո-սոպրանոներ Բելլա Ամարյանի և Անուշ Մարտիրոսյանի կատարմամբ:
Ինչպես նշում է Երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը, համերգի հրավերը Առնո Բաբաջանյան համերգասրահի տնօրինությունից են ստացել և սիրով ընդունել այն. «Այնպես ստացվեց, որ մեր համերգը համընկավ այս լռության օրվա հետ (վաղը ՀՀ-ում ԱԺ ընտրություններ են, այսօր` լռության օր -խմբ.): Գերմանական երաժշտություն ընտրել ենք հատուկ շատ հումանիստական, գիտեք, գերմանական ռոմանտիզմի այդ դարաշրջանն է ստացվում: Շատ լավ է, որ համընկավ ամսի 19-ը: Այս լռության օրը թող ժողովուրդը մի քիչ այդ ատելությունից դուրս գա և մի քիչ լսի երիտասարդներ շատ տաղանդավոր:
Անցյալ ամիս մենք ստացանք հրավեր Առնո Բաբաջանյան դահլիճից, որը ես շատ եմ սիրում, իմ մանկության ամենավառ հիշողություններն են, և այդ դահլիճը բացարձակ եղել է դասական երաժշտության դահլիճ` ամենալավ ակուստիկայով, որտեղ շատ մեծ երաժիշտներ էին համերգ տալիս, բազմաթիվ դաշնակահարներ, ջութակահարներ աշխարհահռչակ: Վերջին տարիներին դահլիճը մի քիչ իր համբավը գցեց և դարձավ այսպես ժողովրդական տան պես, որտեղ չկա մի ուղղություն: Սկզբից ինքը հենց դասական արվեստի հետ առնչություն ուներ, հիմա այնտեղ անցկացվում են և՛ էստրադային, և՛ ժողովրդական, և՛ շատ քիչ դասական, ինչ-որ ասմունքի երեկոներ: Ես հասկանում եմ, որ այո, պետք է ֆինանսավորում լինի, որ կարողանան պահել այդ դահլիճը, բայց երևի թե պետության կողմից էլ է պետք որոշ աջակցություն, որ ինքը հենց դասական դահլիճ լինի»:
Լևոն Ջավադյանը հավելում է, որ երիտասարդ օպերային մեներգիչները համերգներով հանդես են գալիս ոչ միայն մայրաքաղաքում՝ օպերային թատրոնում կամ այլ համերգասրահներում, այլ նաև մարզերում. «Մարզերում եղել է այդպիսի ծրագիր, որը հիմա շարունակվում է արդեն ոչ Մշակույթի նախարարության աջակցությամբ, այլ ուրիշ կազմակերպությունների միջոցով և քաղաքապետարանների: Բացի դրանից, մենք փետրվար ամսից մինչև մայիս բազմաթիվ համերգներ ենք տվել սահմաններում, մոտավորապես 20 համերգ Գյումրիից մինչև Մեղրի: Դրա մասին երևի քչերը գիտեն»:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի խոսքով` ուշագրավ է նաև, որ շատ են տաղանդավոր երիտասարդ ձայները մարզերից. «Միայն 13 հոգի, ես կարող եմ ասել, Վայքից կան` Եղեգնաձոր, Գառնի, Էջմիածին, Արցախ, Արմավիր: Մեծամասնությունն իմիջիայլոց մարզերից է: Եվ արդեն մեզ մոտ զարգանում են, շփվում են մեր օպերային սոլիստների հետ, ներկայացումներին են մասնակցում: Օրինակ` մի քանի օր առաջ եղավ պրեմիերա Կավալլոյի, որի երկրորդ պրեմիերայում 3 հոգի գլխավոր դերակատար և երիտասարդներ էին` շատ մեծ ապագայով: Իրենց առաջին դեբյուտն էր, միանգամից 3 հոգի բարձրացավ բեմ:
Նրանք շատ մեծ ապագա ունեն, օրինակ` մեր Նավասարդ Հակոբյանը երիտասարդ է, շատ տաղանդավոր, և մեր օպերայի ամենակարևորը սերնդափոխությունն է...Եվ հիմա մենք զբաղվում ենք պրոֆեսիոնալ պատրաստել, որպեսզի դառնան օպերային մեներգիչներ»: