Մատչելիության հղումներ

ԱԺԲ-ն ընտրվելու դեպքում «չի սպասարկելու Հայաստանը թուրք-ադրբեջանական դաշինքին զոհաբերած Կրեմլի շահերը»


Լուսանկարը ԱԺԲ ֆեյսբուքյան էջից

Երկրում քաոսը, տոտալ գաղութացումը կանխելու, Սյունիքի սահմանների ու գերիների հարցերը լուծելու, անվտանգային նոր համակարգ ունենալու ու քաղաքակիրթ աշխարհին միանալու համար Ազգային ժողովրդավարական բևեռն (ԱԺԲ) առաջարկում է կիրակի օրը ընտրել «Սասնա ծռեր»-ից ու այլ քաղաքական միավորներից բաղկացած իրենց ուժին։

Ցուցակը գլխավորող, վիրաբույժ Վահե Գասպարյանի խոսքով՝ առաջիկա ընտրությունը հերթական ընտրություն չէ, այլ ճակատագրական է. «Եթե Կրեմլը, պուտինյան ռեժիմը ցանկանում է այս ընտրություններով վերականգնել համակարգը և հետընտրական զարգացումներ գեներացնել այստեղ, ինչի մասին արդեն բացեիբաց նրանք հայտարարում են Ռոբերտ Քոչարյանի բերանով, Նիկոլ Փաշինյանի և այդ քաոսային վիճակը Հայաստանում, սիրիականցնելով Հայաստանը, թույլ չտալ, որ Հայաստանը մաս կազմի հյուսիս-հարավ պրոեկտին և միանա քաղաքակիրթ աշխարհին, ապա մեր արևմտյան դաշնակիցները ուշի-ուշով հետևելով այս ընտրություններին նայելու են քեզ, հայ ժողովուրդ, թե ինչ ընտրություն դու կանես»:

Հայաստանի առջև այսօր ծառացած խնդիրները հնարավոր է լուծել միայն սեղմելով Արևմուտքի մեկնած ձեռքը, վստահ են բևեռում։ Պատգամավորի թեկնածու Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ ընտրվելու դեպքում Հայաստանի գլխավոր դաշնակից են դարձնել Միացյալ Նահանգներին, դուրս են գալու ՀԱՊԿ-ից, դադարեցնելու սպասարկել Կրեմլի շահերը։

«Պետք է հասկանանք նաև, որ այս իրավիճակում արտաքին քաղաքականությունը Հայաստանի համար որոշում է ամեն ինչ, որոշում է ներքին քաղաքականությունը, որոշում է տնտեսական քաղաքականությունը, որոշում է ժողովրդի բարեկեցության վիճակը, անվտանգությունը: Արտաքին քաղաքականությունը այսօր որոշում է ամեն ինչ: Հայաստանի արտաքին սխալագույն քաղաքականության արդյունքում է, որ ստեղծվել է դասական գաղութային իրավիճակ, որի արդյունքում մետրոպոլյան գաղութատերը զոհաբերել է իր գաղութն իր իսկական և հավասարազոր դաշնակցին, տվյալ պարագայում՝ թուրք-ադրբեջանական դաշինքին», - ասաց Մարտիրոսյանը:

Սեփական գաղութի հաշվին իր շահերն առաջ տանելու համար Մոսկվան ցանկանում է վերահսկել և՛ Հայաստանի իշխանությանը, և՛ ընդդիմությանը, ասում է Մարտիրոսյանը, հետևաբար, ըստ նրա, և՛ Քոչարյանի, և՛ Փաշինյանի գլխավորած ուժերը սպասարկում են Կրեմլի շահերը. «Հենց սա է պատճառը, որ թե՛ նախկինները, թե՛ ներկաները վայելում են Մոսկվայի կատաղի աջակցությունը»:

Հետխորհրդային դարաշրջանի ավարտ ու էլ ավելի թուլացող Ռուսաստան կանխատեսող քաղաքական գործիչներն ասում են, որ չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցն է, դա խոչընդոտ չէ Հայաստանի համար դաշնակցել Միացյալ Նահանգների հետ, ինչպես անում է Հունաստանը։

«Հատուկ պրոպագանդիստական, քաղտեխնոլոգիական հնարք է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի անդամ է, ուրեմն դաշնակիցներ են, ուրեմն Հայաստանի հետ չի կարող լինել որևէ ընդհանուր եզր: Ես ուզում եմ հարցնել՝ իսկ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդա՞մ է, թե՞ ոչ, իսկ Հունաստանը և Թուրքիան բարեկամնե՞ր են, թե՞ պատմական և ներկա թշնամիներ են, իհարկե, թշնամիներ են: Ես ուզում եմ հարցնել՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ՀԱՊԿ անդամ են նաև Բելառուսը և մի շարք այլ երկրներ, Բելառուսը Հայաստանի դաշնակի՞ցն է, թե՞ Հայաստանի թշնամի Ադրբեջանի դաշնակիցն է, իհարկե, Ադրբեջանի դաշնակիցն է», - նշեց Մարտիրոսյանը:

Ըստ բևեռի ներկայացուցիչների՝ քարոզարշավի ընթացքում ընտրողները հասկացան, որ ընտրությունը միայն նախկինների ու ներկաների միջև չէ, իսկ այդ տպավորությունը ցանկանում էին ստեղծել խլելու այլընտրանք առաջարկող ուժերի ձայները, ինչպես ԱԺԲ-ն, որը Հայաստանի զարգացման համար բոլորովին նոր օրակարգ է առաջարկում. «Եթե դու անում ես մի բան երկար տարիների ընթացքում և անընդհատ ընթացքում, ինչպես նաև ավարտին ստանում ես աղետ, դու նույն բանը կրկնելով չես կարող փոխել աղետը կամ փրկել իրավիճակը: Դու պետք է փորձես նոր բան, մի բան, որը մեզ հետևողականորեն համոզում են, որ մենք չենք կարող անել, մի բան, որ պիտակավորում են դարձյալ կեղտոտ պրոպագանդիստական մեթոդներով որպես արկածախնդրություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG