Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը Փաշինյանին ուղղված նամակով բարձրացրել է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն այսօր նամակ է ուղղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որով բարձրացրել է Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու հարցը` կապված Ադրբեջանի զինված ուժերին ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու հետ:

Նամակում Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ-ը Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

«Մասնավորապես, արդեն նախորդ մի քանի հայտարարությամբ նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները.

1) կյանքի իրավունք, Կոնվենցիայի 2-րդ հոդված,

2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Կոնվենցիայի 5-րդ հոդված,

3) մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, Կոնվենցիայի 8-րդ հոդված,

4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված,

5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրության 2-րդ հոդված և այլն», - իր ֆեյսբուքյան էջում գրել է օմբուդսմենը:

XS
SM
MD
LG