Մատչելիության հղումներ

«Էրդողանի ու Ալիևի Շուշի այցը, հայտարարություններն ապօրինի են»․ Արցախի կառավարությունում «Բռնազավթված տարածքների մասին» օրինագիծ է մշակվել


Էրդողանի ու Ալիևի Շուշի այցի և հայտարարությունների վերաբերյալ Արցախի կառավարության հստակ դիրքորոշումն այն է, որ նրանց գործողությունները ապօրինի են, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ Արցախի կառավարությունում մշակվել է «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի նախագիծը, որն առաջիկա օրերին կշրջանառվի կառավարությունում և հաստատվելուց հետո կուղարկվի Ազգային ժողով:

Բեգլարյանն օրինագծից որոշ մեջբերումներ է հրապարակել, մասնավորապես, ըստ օրինագծի, «Բռնազավթված տարածքի» կարգավիճակ կստանան Արցախի բոլոր այն բնակավայրերը, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բռնազավթված տարածքներն Արցախի անբաժանելի մասն են, որոնց վրա տարածվում է Սահմանադրության և այլ օրենքների գործողությունը»:

Օրինագծով՝ «բռնազավթված տարածքներում Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության պարտականությունը և դրանց խախտման պատասխանատվությունը, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն, ընկնում է բռնազավթումն իրականացրած Ադրբեջանի Հանրապետության վրա» և որ «բռնազավթված տարածքներում օտարերկրյա անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը թույլատրվում է միայն Արցախի օրենսդրությամբ սահմանված կարգով։ Այդ կարգի խախտումն առաջացնում է Արցախի օրենսդրությամբ սահմանված հետևանքներ»։

Երեկ Շուշիում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Շուշիում Էրդողան-Ալիև բանակցություններից հետո Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր է ստորագրվել , այդ թվում` ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին։

Պաշտոնական Երևանն ու Արցախը դատապարտել են Թուրքիայի նախագահի այցը Շուշի։

XS
SM
MD
LG