Մատչելիության հղումներ

Պրոտասևիչը մասնակցել է Բելառուսի ԱԳՆ-ում ասուլիսին, վստահեցրել, որ իր հետ ամեն բան կարգին է


Բելառուս - Ռոման Պրոտասևիչը ԱԳՆ ասուլիսների սրահում, Մինսկ, 14-ը հունիսի, 2021թ.

Ազատազրկված բլոգեր Ռոման Պրոտասևիչը նախնական կալանքի վայրից տեղափոխվել է Բելառուսի արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսին՝ նվիրված մայիսի 23-ին Ryanair ավիաընկերության Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնող օդանավի՝ Մինսկում արտակարգ վայրէջքի դեպքին:

Պրոտասևիչի հայտնվելը զարմացրել է հրավիրված լրագրողներին: Ոմանք, մասնավորապես՝ BBC-ի թղթակիցը, ի նշան բողոքի լքել են դահլիճը: Նրանք կարծում են, որ Պրոտասևիչին ստիպել են խոսել հանձնարարված սցենարով:

Վերջինս վստահեցրել է, որ իր հետ ամեն բան կարգին է. - «Ինչպես ինքներդ եք տեսնում, ես ինձ հոյակապ եմ զգում, ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Բողոք չունեմ, ոչ ոք ինձ չի ծեծել, մատով չի դիպել»:

BelaPAN լրատվական գործակալության լրագրող Տատյանա Կորովենկովան դահլիճից դիմել է Պրոտասևիչին՝ ասելով. - «Ես անկեղծորեն ցավում եմ Ձեզ համար և կարծում եմ, որ Բելառուսում շատ մարդիկ, Ձեր գործընկերներից շատերն անկեղծորեն ցավում են Ձեզ համար: Այն ամենին, ինչ Դուք ասում եք, չեմ հավատում, թեև կռահում եմ, թե ինչ կարող էին անել Ձեզ հետ: Ուղղակի պինդ եղեք և հաղթահարեք»:

Հիշեցնենք՝ բելառուսական իշխանությունների կողմից ծայրահեղական կազմակերպություն ճանաչված Nexta Տելեգրամ ալիքի նախկին ղեկավար Ռոման Պրոտասևիչը մայիսի 23-ին բերման է ենթարկվել օդանավից, որը Մինսկում արտակարգ վայրէջք էր կատարել «ականապատման» ահազանգից հետո։

Արևմուտքը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ:

XS
SM
MD
LG