Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է առանձնապես խոշոր չափերով կեղծ փողերի ապօրինի շրջանառության դեպք բացահայտելու մասին, կան կալանավորվածներ


Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):

Ըստ ԱԱԾ-ի՝ եղբայրներ Գ. Ա.-ն և Ղ. Ա.-ն, նրանց ազգական Հ. Ի.-ն դեռևս չպարզված հանգամանքներում, իրացնելու նպատակով, ձեռք են բերել և պահել առանձնապես խոշոր չափերով` 5 միլիոն 250 հազար դրամին համարժեք 201 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներից բաղկացած 10 հազար 50 ԱՄՆ դոլար: Այնուհետև նշված կեղծ փողերից 181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 9 հազար 50 ԱՄՆ դոլարը մայիսի 10-ին Ղ. Ա.-ի միջոցով իրացրել են առևտրային բանկերից մեկի բանկոմատում` այն փոխարկելով համարժեք դրամի, իսկ 522 հազար դրամին համարժեք՝ 20 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամներից բաղկացած 1.000 ԱՄՆ դոլարը մայիս ամսվա ընթացքում Գ. Ա.-ի միջոցով Երևան քաղաքում հանձնել են Լ. Կ.-ին, որպիսի գործողություններով խաթարվել է Հայաստանի ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունը:

Կեղծ փողեր պահելու և իրացնելու կասկածանքով Գ. Ա.-ն, Ղ. Ա.-ն և Հ. Ի.-ն բերման են ենթարկվել ԱԱԾ, ապա ձերբակալվել: Նրանցից երկուսին կալանավորելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվել են:

181 հատ 50 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամները հայտնաբերվել և ուղարկվել են փորձաքննության, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաև կեղծ փողերի ապօրինի շրջանառության սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ, ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG