Մատչելիության հղումներ

«Այսօր առավել քան երբևէ մշակույթն ունի քաղաքացիական ապրումներ և գիտակցություն արթնացնելու գործառույթ». Արա Խզմալյան


Մայիսի 29-ից հունիսի 5-ը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Երգով ու սիրով» խորագրի ներքո Արցախում և Սյունիքում անց է կացրել երգչախմբային փառատոն, որին մասնակցել են նաև տեղական տարբեր բնակավայրերում գործող երգչախմբեր:

Փառատոնն անց է կացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության աջակցությամբ՝ «Թիկունքը՝ մշակույթ, կենտրոնը՝ սահման» ծրագրի շրջանակներում: Այսօր մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանն ու Տիգրան Հեքեքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեցին, որ չափազանց կարևոր է, այս բարդ ժամանակահատվածում Արցախում և Սյունիքում նմանօրինակ մշակութային իրադարձություններ կազմակերպել:

«Այս միջոցառումը վերջին շրջանի այն բացառիկ, այն եզակի միջոցառումներից է, որը կոչ է արժանապատվության, որը կոչ է չհանձնվելուն, որը կոչ է քաղաքացիական գիտակցության և այս ամենն իրականացավ շնորհիվ մաեստրո Հեքեքյանի և իր երգչախմբի: Ես ուզում եմ ուղղակի ոչ թե իմ երախտագիտության խոսքը հայտնել մաեստրո Հեքեքյանին և երգչախմբին, այլ ուղղակի իմ խոնարհումը բերել որպես հայ մարդ, որպես քաղաքացի, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, սա քաղաքացիության ամենաբարձր դրսևորումներից մեկն է: Մենք ապրում ենք տեղեկատվական թունավորված մթնոլորտում, որտեղ սովորական մարդը չի կարողանում կողմնորոշվել՝ ինչի հետևից գնալ և ինչը բռնել որպես արժեք: Այն, ինչ տեղի ունեցավ, սա հենց այդ ուղերձն է, այդ կողմնորոշիչն է այս փորձությունը ու բարդ ժամանակաշրջանն արժանապատիվ և ստեղծագործաբար անցնելու գրավականն է և հրամայականը: Երևի այսօր առավել քան երբևէ մշակույթն ունի հսկայական քաղաքացիական գործառույթ, քաղաքացիական ապրումներ և գիտակցություն արթնացնելու գործառույթ», - նշեց Խզմալյանը:

Տիգրան Հեքեքյանն էլ իր խոսքում ընդգծում է, թե որքան սյունեցիներն ու արցախցիներն այսօր ի թիվս հրատապ այլ խնդիրների լուծման, կարիք ունեն նաև բարոյահոգեբանական աջակցության. «Ես հասկացա, որ նրանք ուղղակի պահանջ ունեն և դրանից հետո նրանց խանդավառված աչքերը..., հասկացա, որ պարտավոր ենք իրենց ձեռք մեկնել, իրենք, անկեղծ ասեմ, զգում էին, որ իրենք լքված են, հույզերը խեղդում էին ուղղակի և մտածում եմ էլ ինչ կարելի է անել, գուցե գնալ այդ զորամասերում հանդիպել: Իրենք, որ տեսնեն իրենց քույրիկներն են եկել կամ իրենց զավակների նման, դա գիտեք ինչ ուժ է տալիս»:

Հարցին, թե մինչև տարեվերջ կա՞ն արդյոք ծրագրված նմանատիպ մշակութային այլ միջոցառումներ, մշակույթի գծով փոխնախարարն ընդգծեց՝ իհարկե, կան. «Հենց առաջիկայում նորից Սյունիքում համերգաշար է տեղի ունենալու: Տարբեր կրթական ծրագրեր կան, լուրջ հեռանկար ունեցող նախագծեր են դրանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG