Մատչելիության հղումներ

Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը պետք է դադարեցնել. ՄԻՊ


Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը, այդ թվում` նրանց լուսանկարներ ու տեսանյութեր տարածելով, պետք է դադարեցնել, հայտարարում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը:

Ըստ օմբուդսմենի, նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով:

ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերը «ստանում են արագ տարածում, արժանանում են ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն)»:

«Վիճակն ավելի են բորբոքում կեղծ էջերի ու օգտահաշիվների գրառումները, որոնք առավել ագրեսիվ են ու անգամ առանձնանում են անօրինական արարքների, այդ թվում՝ բռնության կոչերով:

Այս բացարձակ արատավոր երևույթը նախևառաջ կոպտորեն խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնց լուսանկարներն ու տեսանյութերը ծաղրող, վիրավորանքի ու հայհոյանքի նկարներով համացանցում տարածվում են:

Պետք է նկատի ունենալ կարծիքի ազատ արտահայտման, մասնավոր և ընտանեկան կյանքի, արժանապատվության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները յուրաքանչյուր մարդու համար երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և պետք է հարգվեն», - նշել է Արման Թաթոյանը:

Թաթոյանը նշել է՝ այս երևույթը խիստ մտահոգիչ է, քանի որ վկայում է հասարակության բևեռացման, ինչպես նաև անհանդուրժողականության անթույլատրելի բարձր մակարդակի մասին՝ կոչ անելով դադարեցնել այս արատավոր երևույթը: Նրա պնդմամբ՝ նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից։

«Այս ընտրությունների գլխավոր խնդիրներից է վերականգնել երկրում համերաշխություննն ու ապահովել իրավունքի գերակայության հաստատումը, այլ ոչ թե առավել խորացնել բևեռացումն ու անհանդուրժողականությունը», - եզրափակել է Թաթոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG